Բաժիններ՝

Աղբյուրը նշել է Աբեի՝ Իրան այցի բուն նպատակը

Ճապոնիայի վարչապետի՝ 41 տարվա ընթացքում Իրան առաջին այցի իսկական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին Օսակա, որտեղ հունիսին տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը, բերելն է եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունների կազմակերպումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր: Վարչապետ Սինձո Աբեի այցն Իրան տեղի կունենա հունիսի 12-ից մինչեւ 14-ը:

«Առավելագույն նպատակն Իրանում համաձայնության հասնելն է եւ Ճապոնիայում «քսանյակի» գագաթնաժողովին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին բերելը: Եթե ստացվի կազմակերպել նրա բանակցությունները Թրամփի հետ, դա կլինի ամենագլխավոր քաղաքական իրադարձությունը»,-ասել է աղբյուրը: Հենց դրանով է բացատրվում այցի հապճեպությունը. ճապոնական չափանիշներով վարչապետի այցը, այն էլ 41 տարվա ընթացքում առաջին անգամ, նախապատրաստվել ու կազմակերպվել է աննախադեպ արագ:

Անուղղակիորեն այն, որ հենց այդ խնդիրն է դրված Ճապոնիայի վարչապետի առջեւ, մատնանշում է նաեւ «ստուգիչ հեռախոսազանգը» Ճապոնիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ, որը տեղի է ունեցել Աբեի Թեհրան այցի նախօրեին: Ուշագրավ է, որ դրա բովանդակույթունը չի բացահայտվում, սակայն այն բանի երկու ակնարկ է թափանցել ԶԼՄ-ներ, թե ինչի մասին է եղել զրույցը. Աբեն Թրամփին է փոխանցել Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացմանը նպաստելու իր մտադրությունը, իսկ այնուհետեւ երկու ղեկավարները հավաստել են այս ամսվա վերջին Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովի անցկացման հաջողության համար փոխգործակցության կարեւորությունը:

Սինձո Աբեն մեկնումից առաջ հայտարարել է, որ «Ճապոնիան մտադիր է հնարավորինս կատարել իր դերը մերձավորարեւելյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար»: Թեհրան ժամանելուց հետո Աբեն բանակցություններ կվարի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, իսկ հունիսի 13-ին Ալի Խամենեիի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս