Դատարանը մերժեց նիստը հետաձգելու՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը, որին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և քրեական գործերով փաստաբան, ֆրանսիացի Սևակ Թորոսյանը։

Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն  ներկայացրեց դատարանին` նշելով, որ առաջիկայում մեկնելու է կարճատև արձակուրդ, և, եթե դատարանը դեմ չէ, խնդրում է հետաձգել դատական նիստը՝ մինչև իր վերադարձը։

Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դատական նիստին ներկա են Ռ. Քոչարյանի մյուս բոլոր պաշտպանները, ուստի արձակուրդ մեկնելու հանգամանքը չի արգելում շարունակելու դատական նիստը։

«Ներկա պահին դատարանը մերժում է այդ միջնորդությունը՝ հետագայում վերապահումով կրկին հարցին անդրադառնալու համար»,- նշեց դատավոր Արմեն Դանիելյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս