Բաժիններ՝

FDA-ը բուսական յուղ է հայտնաբերել «Մարիաննայի», «Թամարայի» և «Բանդիվան կաթի» թթվասերների որոշ տեսակների մեջ. b4b.am

Կաթնամթերքի փորձաքննության արդյունքները

Անցած մի քանի ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ և լրատվամիջոցներ կաթնամթերքի շուկայի հետազոտության ընթացքում փորձեցին պարզել, թե որ ընկերություններն են անբարեխիղճ մրցակցության դիմում: Կաթնամթերքն ուղարկվել էր փորձաքննության՝ պարզելու համար դրա մեջ բուսական յուղի առկայությունը:

Նման փորձաքննությունների արդյունքների նկատմամբ հասարակության կողմից հետաքրքրությունը բավականին մեծ է, և դրանց հրապարակայնացումը զգալի ազդեցություն է ունենում առանձին ապրանքիների պահանջարկի վրա։

B4B.am-ը վերջերս կաթնամթերքի շուկայի վերլուծության պատվեր էր ստացել օտարերկրյա պոտենցիալ ներդրողի կողմից։ Այդ աշխատանքի շրջանակներում մենք նույնպես փորձաքննության էինք ենթարկել տեղական շուկայում վաճառվող կաթնամթերքը՝ նպատակ ունենալով պարզել, թե ընտրված ապրանքանիշերից որի մեջ է արտադրող ընկերությունն օգտագործում բուսական յուղ և այն վաճառում որպես թթվասեր:

Նշենք, որ ինքնին բուսական յուղը սննդի մեջ օգտագործելը մարդու առողջության վնաս չի հասցնում: Հարցն այլ է. բուսական յուղով արտադրանքը թթվասեր չի կարող կոչվել:

Ըստ այդմ, եթե վաճառվող ապրանքի վրա գրված է, որ այն  թթվասեր է, այնտեղ բուսական յուղի առկայությունը կնշանակի, որ արտադրողը կեղծ արտադրանք ներկայացնելով՝ խաբում է սպառողին:

Փորձաքննության արդյունքները

Փորձաքննության ենք ներկայացրել, ընդհանուր առմամբ, 12 թթվասեր, որոնցից 9-ը տեղական արտադրության են:

Սուպերմարկետից գնված և սորտավորած արտադրանքը լաբորատորիաներին ենք ներկայացրել համարակալված, որպեսզի նվազագույնի հասցվի կողմնակալության հավանականությունը:

Փորձաքննությունը պատվիրել ենք 2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»:

Առանձին-առանձին ստուգել ենք բոլոր օրինակները. որևէ արտադրողի թթվասերիբաղադրության մեջ նշված չէր բուսական յուղի պարունակության մասին: Բոլոր տեղական թթվասերներն արտադրված են եղել 2019 թ. մայիսի 7-ին:

Մեր ցուցակի առաջին համարը «Արզնի կաթ» ընկերության 20%-յուղայնությամբ թթվասերն է:

Երկրորդն «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Երրորդ համարը նույնպես «Աշտարակ կաթ» ապրանքանիշի թթվասեր է՝ 13% յուղայնությամբ «Կովիկ» անունով մթերքը:

Մեր ցուցակի չորրորդ համարը «Մարիաննա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Հինգերորդ համարի նմուշը նույնպես «Մարիաննա» ապրանքանիշինն է` 10%-անոց թթվասեր:

Վեցերորդ համարը «Անի պրոդուկտ» ընկերության Սմետանա մասլովնա ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

7-րդ համարը մեր ցուցակում «Բանդիվան կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

8-րդ համարը «Թամարա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

9-րդը՝ «Բոնիլատ» ապրանքանիշի 17%-անոց թթվասերը:

10-րդ համարի ներքո ներկայացված է բելառուսական արտադրության «Բրեստ-Լիտովսկ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերը:

11-րդ համարը «Ռուսական Պռոստոկվաշինո» ապրանքանիշի 25%-անոց թթվասերն է:

Թթվասերների ցուցակում վերջին՝ 12-րդ համարը, ուկրաինական արտադրության «Պրեզիդենտ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերն է:

TTVASER-cucak

Տարբեր լաբորատորիաներ՝ տարբեր արդյունքներ

Նշված երկու լաբորատորիաներին գնված թթվասերները հանձնել ենք փակ, համարակալված տարաներով (ամբողջ գործընթացը նկարահանված է, տեսանյութը կհրապարակենք 2 օրից):

FDA լաբորատորիային թթվասերների օրինակները ներկայացվել են մայիսի 7-ին՝ գնման օրը, իսկ Ստանդարտ դիալոգ լաբորատորիային՝ մայիսի 14-ին:

Մայիսի 21-ին ստացել ենք առաջին պատասխանը Ստանդարտ դիալոգից:

Ստանդարտ դիալոգ Լաբորատորիայում արդյունքները ներկայացրեց լաբորատորիայի սննդամթերքի փորձաքննության բաժնի ղեկավար Արսեն Ազիզյանը:

«Խնդիր է առաջադրված եղել պարզել, թե արդյոք կաթնամթերքում բուսական յուղ առկա է, թե ոչ: Հետազոտությամբ պազել ենք, որ բոլոր նմուշները բուսական յուղ չեն պարունակում և բոլոր նորմատիվներով համապատասխանում են սահմանված ցուցանիշներին»,- ասաց նա:

TTVASER-STAND-poqr

Արձանագրության հետ վերցրել ենք նաև նմուշների քրոմատագրերը, որոնք արտացոլում են յուրաքանչյուր թթվասերի ճարպաթթվային պարունակությունը: Ըստ Ստանդարտ դիալոգ լաբորատորիայի փորձաքննության՝ ներկայացված բոլոր թթվասերները համապատասխանում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ 033/2013-ով սահմանված  բնութագրին և անվանմանը:

FDA լաբորատորիան փորձաքննության արդյունքը տրամադրեց մայիսի 24-ին: Տվյալները ներկայացրեց լաբորատորիայի սննդի բաժնի ղեկավար Անի Գրիգորյանը. «Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարներում առկա չէ, հինգերորդ համարում առկա է, վեցում առկա չէ, յոթում, ութում առկա է, իններորդ նմուշում առկա չէ, տասում առկա չէ, տասնմեկում առկա չէ, տասներկուսում առկա չէ»:

«ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիան փորձաքննությունն իրականացրել է ԳՕՍՏ- 33490-2015-ի չափանիշներով, որը ներառված է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ 033-ի ցանկի մեջ:

Ըստ մեր ներկայացրած թթվասերների ցանկի՝ «ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիայի սարքերը բուսական յուղ են հայտնաբերել

5-րդ համարի նմուշ Մարիաննա ապրանքանիշի 10%-անոց  թթվասերի,

7-րդ համարի նմուշ Բանդիվան կաթ ապրանքանիշի 18%-անոց թթվասերի,

8-րդ համարի նմուշ Թամարա ապրանքանիշի 18%-անոց թթվասերի մեջ:

TTVASER-FDA-poqr

Բոլոր 12 անուն թթվասերները մենք ընտրել էինք՝ հաշվի առնելով շուկայում նրանց վաճառքի ծավալը:

Այսպիսին էին երկու անկախ լաբորատորիաների իրականացրած փորձաքննության արդյունքները: Այդ արդյունքները, ինչպես տեսաք, միմյանցից տարբերվում են  նմուշների մասով։

Հարց է առաջանում՝ որի՞ն հավատալ։ Երկու լաբորատորիաներն էլ հավաստագրված են և պատասխանատու են իրենց եզրակացությունների համար։ Ուշագրավ է նաև այն, որ կաթնամթերքի հայաստանյան շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մարիաննա» ընկերության արտադրանքում նախկինում երբեք չի հայտնաբերվել բուսական յուղ։

Այսքանից հետո թերևս ավելի ճիշտ կլինի «փորձաքննության» ներկայացնել նախ լաբորատորիաները, նոր նրանց կողմից ստուգվող սննդամթերքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս