Բաժիններ՝

Անիմացիոն կինոյի խոշորագույն փառատոնն է բացվել Ֆրանսիայում

Ֆրանսիայում բացվել է Միջազգային 42-րդ անիմացիոն փառատոնը, որն ամեն տարի Անսի լճի ափի համանուն քաղաքում հավաքում է ավելի քան 70 երկրի լավագույն մուլտիպլիկատոր-նկարիչներին: Իր կարգի մեջ ամենահեղինակավոր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 10-ի երեկոյան, «Բոնլյո» ազգային թատրոնում: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձության վայրից:

Հունիսի 11-ից մինչեւ 14-ն անցկացվող փառատոնի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կբացվի Եվրոպայում խոշորագույն Միջազգային անիմացիոն կինոշուկան՝ MIFA-ն (International animation film market): Միջազգային ժյուրին փառատոնին մասնակցելու համար ընտրել է 210 ֆիլմ՝ ավելի քան 3 հազար հայտարարված աշխատանքներից:

Անսիում անցկացվող փառատոնը եւ MIFA կինոշուկան հնագույն եւ ամենանշանակալի իրադարձություններից մեկն է անիմացիայի աշխարհում: Ստուգատեսը ծնվել է «Անիմացիայի միջազգային օրերը» հատուկ մուլտիպլիկացիոն սեկցիայից, որը հայտնվել է 1956 թվականին Կաննի փառատոնում: 1960 թվականին որոշում է ընդունվել սեկցիայի հիմքի վրա կազմակերպել առանձին ինքնուրույն անիմացիոն փառատոն, որն սկզբնական շրջանում կանոնավոր կերպով չէր անցկացվում: Այդ ժամանակ էլ հիմնվեց Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիան:

Ավելի ուշ փառատոնի շրջանակներում սկսեց գործել նաեւ անիմացիոն կինոշուկան, ուր ամեն տարի ամբողջ աշխարհից այցելում են ճյուղի 7 հազարից ավելի մասնագետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս