«Լարիսա Մինասյանն արդեն որոշել է՝ Արդարադատության նախարար կլինի Ռուստամ Բադասյանը». Նարեկ Մալյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեց «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ։ Բողոքի ակցիային միացան նաև «Ադեկվադ» կուսակցության անդամները՝ Արթուր Դանիելյանի գլխավորությամբ։

Այս անգամ էլ ոստիկանները փակել էին գրասենյակ տանող ճանապարհը։

Նարեկ Մալյանը գրասենյակի մոտ կոչով դիմեց հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանին՝ հայտարարելով, եթե վերջինս այդքան մաքուր է, ինչո՞ւ է փախչում իր հետ բանավիճելու հրավերից, ինչո՞ւ չի գնում, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ձեռքի տակ եղած փաստերով  ջախջախում իրեն։

«Ինչո՞ւ եք թաքվում ոստիկաննների շարքերի հետևում, այդ ո՞ր բարեգործական հիմնադրամն է նման կերպ թաքնվում։ Ձեզ հրավիրում եմ բանավեճի, ներկայացնելու Ձեր բոլոր պետականաքանդ միջոցները»,- հայտարարեց Նարեկ Մալյանը։

Նրա խոսքով՝ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին «Սորոսի» գրասենյակից ստիպում էին, որպեսզի նա ապօրինի կերպով Հայաստան բերի դատական բարեփոխումները, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի Ա. Զեյնալյանը հրաժարական ներկայացնի։

«Արդարադատության հաջորդ նախարարը, որ գալու է, նշանակված է լինելու այս գրասենյակի կողմից։ Ես ասել եմ, որ Լարիսա Մինասյանն իր վերջնական որոշումը կայացրել է Ռուստամ Բադասյանի մասով։ Վերջինս այն մարդն է, որը պատրաստակամություն է հայտնել կատարել ցանկացած հրահանգ, որը կիջեցվի այս գրասենյակից»,- տեղեկացրեց Ն. Մալյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս