«Լավ է՝ պատճառները վերացնեն, քան հետևանքները». «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ աշխատանքից ազատված վարորդի մասին
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Անի Խաչատրյանը, համացանցում տեսանյութ էր հրապարակել, որտեղ 46 համարի երթուղու վարորդը ծխում էր։
Հրապարակված տեսանյութին կից նա գրել էր. «Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշրուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասեց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ՝ բողոքեմ, իրան ոչ մեկը բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշրուտկայից։ Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշրուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշրուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց»։
Այսօր արդեն Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ միջադեպի առնչությամբ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն իր մոտ է հրավիրել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցչին, և քննարկման արդյունքում որոշվել է վարորդին աշխատանքից հեռացնել։
Այս ամենին հետևեց նաև ոստիկանության հայտարարությունը, ըստ որի, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական։
168.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն անդրադառնալով միջադեպին՝ նշեց, որ խիստ բացասական վերաբերմունք ունի երթուղայինում վարորդների ծխելու երևույթի նկատմամբ, նախ՝ օրենքն արգելում է ղեկին ծխելը։
Բացի այդ, այսօր ուղևորների քանակը շատ մեծ է, և հնարավոր է՝ ծխելով՝ վարորդը շեղի իր ուշադրությունը երթևեկության կանոններից։
«Վարորդին տուգանելը ճիշտ որոշում կլիներ, սակայն չգիտեմ՝ աշխատանքից ազատելն այս դեպքում օրենքով թույլատրելի՞ էր, թե՞ ոչ։ Տեղյակ եմ, որ վարորդը ցանկանում է այդ որոշումը բողոքարկել, ըստ դրա էլ՝ պարզ կլինի՝ որոշումը ճի՞շտ է եղել, թե՞ ոչ»,- ասաց Դ. Պեդանյանը։
Նրա խոսքով՝ կոնկրետ երեկվա միջադեպի հետ կապված վարորդը ոչ միայն ծխել է ղեկին, այլև ուղևորի հետ կոպիտ է խոսել։
Նրա կարծիքով՝ երթուղայինում վարորդների ծխելու արատավոր երևույթն արմատախիլ անելու համար որպես միջոց չի կարող ծառայել վարորդներին աշխատանքից ազատելը։
«Մեր քաղաքապետարանը և համապատասխան կառույցները վերացնում են հետևանքները, սակայն չեն հեռացնում պատճառները։ Ցանկալի կլինի, որ մինչև վարորդին գործից ազատելը՝ կանխարգելեին երևույթը, իհարկե, հնարավորության սահմաններում։ Ավելի լավ է՝ պատճառները վերացնեն, քան հետևանքները»,-եզրափակեց Դ. Պեդանյանը։
Զվարթ Խաչատրյան