«Սեփականության վերաբաշխումը հանգեցնելու է կապիտալի խոշոր արտահոսքի»

Անցումային արդարադատության և իրավունքի գերակայության հարաբերակցության ու տնտեսական հետևանքների մասին Ռուբեն Մելիքյանի և Անդրանիկ Թևանյանի տեսակետները:

Անցումային արդարադատության և իրավունքի գերակայության հարաբերակցությանն անդրադարձավ «Իրավական ուղի»  հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անցումային արդարադատության և վեթինգի ինստիտուտներին նվիրված «Լույս» հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական քննարկման ժամանակ։

Վերջինս նշեց, որ շատ պրոբլեմներ, որ առաջացել են ոչ այնքան հաջող կամ տապալված անցումային արդարադատության մոդելների պարագայում, շատ դեպքերում արդյունք են իրավունքի գերակայության գործոնը հաշվի չառնելու։

«Անցումային արդարադատության մոդելների հաջողության և անհաջողության մեջ շատ կարևոր դեր և նշանակություն է ունեցել այն հանգամանքը, թե որքանով է այն եղել հասարակության մեջ խաղաղություն հաստատելուն ուղղված մոտիվացիա, և որքան է այդ մոտիվացիայի դերը մեծ եղել հասարակության մեջ, և դրան հակառակ՝ որքան է եղել քաղաքական այսրոպեական նկատառումների դերը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ըստ Ռ. Մելիքյանի՝ իրավունքի գերակայության հետ կապված՝ շատ կարևոր է իրական վիճակի գնահատումը, և երբ խոսքը գնում է պատերազմական իրավիճակների մասին, շատ ավելի հեշտ է ախտորոշում կատարելը, որովհետև այս դեպքում սովորաբար ինստիտուտները քանդված են լինում, հսկայական ցավ է պատճառված լինում հասարակությանը, տասնյակ-հազարավոր մարդիկ շատ ավելի ծանր իրավիճակներում են հայտնվում, որը սթափեցնող նշանակություն է ունենում, և իրավիճակի գնահատականն այդ պայմաններում շատ ավելի հեշտ է լինում տալ։ Հեշտ է լինում գնահատական տալ նաև, երբ միջազգային իրավական գործոններ են ներքաշված լինում։

«Եթե փորձենք ՀՀ-ի հետ համեմատություն անցկացնել, մենք կտեսնենք, որ վերջին տարիներին բավականին երկար ինստիտուցիոնալ զարգացման փորձ ենք մենք  ունեցել, որը պատշաճ գնահատման չի արժանացել։ Մենք չունենք համապարփակ ուսումնասիրություններ՝ հասկանալու համար, թե մեզ մոտ իրական վիճակն ինչպիսին է։ Տպավորություն է ստացվում, որ պրոբլեմներն ավելի են խորացվում դրանք որոշակի լույսի ներքո ներկայացնելու պարագայում։ Կարելի է ասել, որ մեր դատական համակարգի նկատմամբ վստահության աստիճանն ավելի ցածր է այժմ, քան գուցե մեկ տարի առաջ, քաղաքական ուժերի դերն այստեղ մեծ է»,- նշեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Ռուբեն Մելիքյանը շեշտում է, որ անցումային արդարադատության և իրավունքի գերակայության միջև կապը հետազոտողների մոտ շատ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։ Իրավունքի գերակայության հենքի վրա կառուցված մոդելները գնահատվում են շատ ավելի արդյունավետ։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի կարծիքով էլ՝ շատ կարևոր է հստակեցնել, թե ինչ է վեթինգը, և ովքեր են արդարադատները։ Այնուամենայնիվ ինքը կանդրադառնա  անցումային արդարադատության քաղաքական և տնտեսական ասպեկտներին։

«Անցումային արդարադատությունը նախ և առաջ քաղաքական երևույթ է և քաղաքական գործընթաց է ենթադրում։ Թիրախներից հիմնականն է տնտեսության և բիզնեսի հարաբերությունները։ Եթե խնդիր է դրված անցնել ժողովրդավարական համակարգի և ազատ շուկայական տնտեսության, ապա Անցումային արդարադատությունը և վեթինգն ուղղված են լինում հանրության համերաշխությանը և մասնավոր սեփականության ինստիտուտի լեգիտիմացմանը։ Իսկ եթե խնդիր է դրվում քաղաքական տոտալիտար ռեժիմ հաստատելու, ապա սա նշանակում է, որ դատական համակարգի սեփականաշնորհումը և գործադիրի 100 տոկոսանոց կցորդի վերածումը հանգեցնում են լուրջ քաղաքական հետևանքների»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Վերջինիս տպավորությամբ՝ այն հայտարարությունները, որոնք լսում ենք քաղաքական իշխանությունների մատուցմամբ, մեզ հուշում են, որ ոչ թե հաշտեցման, այլ պառակտման, քաղաքական դաշտի գերմենաշնորհեցման և տոտալիտարացման խնդիր է դրված, բայց ակնհայտ է, որ այս դատական համակարգը պատրաստ չէ ռեպրեսիվ ֆունկցիա և սեփականության տոտալ վերաբաշխում կատարելու։

«Ակնհայտ է, որ սեփականության վերաբաշխումը լուրջ վնաս է հասցնելու և մեր երկրի իմիջին, և ներդրումային միջավայրին, և ամենակարևորը՝ հանգեցնելու է կապիտալի խոշոր արտահոսքի։ Հետհեղափոխական շրջանում Հայաստանը կորցնում է արտաքին շուկաներ, ավելացնում է ներմուծումները, և արտահանման շարունակական կրճատումները դառնում են նոր իշխանության տնտեսական բրենդը»,- նշեց տնտեսական և քաղաքական մեկնաբանը։

Վերջինս վստահ է, որ ներդրումային միջավայրին լուրջ խոչընդոտում են առկա մշտական ցնցումները, դատարանների արգելափակումները, քաղաքական կոշտ հայտարարությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս