
American Airlines-ը Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքը երկարաձգեց մինչև սեպտեմբերի 3-ը

Միացյալ Նահանգների ավիաընկերությունը Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելքն ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից երկարաձգել է մինչեւ սեպտեմբերի 3-ը: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հունիսի 9-ին հրապարակվել Է ավիափոխադրողի կայքում:
«American [Airlines-ը] ապրիլին MAX-երի թռիչքների արգելման ժամկետը երկարաձգել էր մինչեւ օգոստոսի 19-ը ներառյալ: Այժմ մենք արգելքը երկարաձգում ենք մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ»,- ճշտել է ավիաընկերությունը՝ պարզաբանելով, որ սույն որոշումն ուղեւորներին թույլ կտա ավելի լավ պլանավորել ուղեւորությունները:
«Ամեն օր մոտավորապես 115 չվերթ կչեղարկվի մինչեւ սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակամիջոցը»,- հավելել է ավիափոխադրողը:
Boeing 737 ինքնաթիռների շահագործումը դադարեցվել Է երկու ավիաաղետից հետո. այս տարվա մարտին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines-ի ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվեց 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի ժամանակ զոհվեց 189 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: