«Ո՞վ է թույլ տվել, որպեսզի բերեն գործարանի «սանիտարական զոնայում» ծառեր աճեցնեն». «Արագած-պեռլիտ» ընկերությունից հերքում են՝ գործարանն ունի ֆիլտրացիոն համակարգ
Դեռևս մայիսի սկզբին 168.am-ն արձագանքելով Արագածոտնի մարզի Արագած համայնքի մի շարք բնակիչների բողոքներին, անդրադարձել էր Արագածավան համայնքում գործող «Արագած-պեռլիտ» գործարանին։
Ըստ բնակիչների, գործարանի աշխատանքի հետևանքով գյուղում փոշու ամպեր են կուտակվում, որը վնասում է թե՛ իրենց առողջությունը, թե՛ գյուղմթերքը, քանի որ գործարանը չունի ֆիլտրացիոն համակարգ։
Մեզ հետ զրույցում Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանն ասել էր, որ 10 տարի է՝ գործարանն առանց ֆիլտրի է աշխատում, բոլոր պատկան մարմիններին դիմել են, պատասխան չկա։ Նաև հավելել էր, որ երկար ժամանակ գործարանն աշխատում է, տարածքը վարձակալել է, բայց վարձակալության պայմանագիր չկա, վարձակալության գումարն էլ չեն տվել։
Մենք զրուցել էինք նաև գործարանի արտադրության գծով տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի հետ, ով տեղեկացրել էր, որ բանակցություններ են տանում չինացիների և իրանցիների հետ, որպեսզի կարողանան ֆիլտրացիոն համակարգի տեղադրման հարցը լուծել։
Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց «Արագած-պեռլիտ» գործարանից արձագանքեցին՝ նշելով, որ բնակիչների և գյուղապետի ներկայացրածն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ գործարանն աշխատում է՝ հետևելով օրենքով սահմանված բոլոր չափորոշիչներին։
Ավելին՝ գործարանի արտադրության գծով տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի տվյալները «Սփյուռ» տեղեկատվական համակարգում ճիշտ ներկայացված չէ, և վերջինս գործարանում տնօրենի պաշտոն չի զբաղեցնում, ուստի լիազորված չէ որևէ տեղեկատվություն փոխանցելու։
Սակայն ֆիլտրացիոն համակարգի մասով տարվող բանակցությունների վերաբերյալ նրա փոխանցած տվյալները ճիշտ են, քանի որ գործարանն անընդհատ աշխատում է ֆիլտրացիոն համակարգերը փոխելու և արդիականացնելու ուղղությամբ։
Գործարանից 168.am-ի խմբագրություն ներկայացրեցին մի շարք գրություններ, ըստ որոնց՝ գործարանում «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է օդում փոշու և գազերի պարունակության չափումներ, համայնքապետարանի ուղարկած գրություններ, ըստ որի՝ գործարանը ցանկանում է վարձակալության պայմանագիր կնքել, և ստացած պատասխաները, ինչպես նաև մի շարք եզրակացություններ, որոնք տրվել են գործարանին այս կամ այն լիազորված մարմնի կողմից։
Արագածավանի համայնքապետի մեկնաբանության առնչությամբ, թե՝ ընկերությունը տարածքը վարձակալել է, սակայն վարձակալության պայմանագիր չունի, «Արագած-պեռլիտ» ընկերության լիազոր ներկայացուցիչ Մարտուն Պողոսյանն ասաց.
«Ընդհանուր համայնքի հետ կապված խնդիրները սկսվեցին 2018 թվականի սկզբին, երբ պետք է փոխվեին հողի վարձակալության պայմանները, որի հետևանքով փոխվելու էր նաև հողի վարձավճարները։ Դրանից հետո Արագածավանի համայնքապետարանը մեզ ծանուցում ուղարկեց, որից անմիջապես հետո մենք պայմանագրի դրաֆտը և մեր նախագիծը կազմեցինք։
«Արագած-պեռլիտի» ամբողջ հանքավայրը դեռ Խորհրդային Միության տարիներից շահագործել է հենց «Արագած-պեռլիտ» ընկերությունը և ունի հաստատված պաշարներ։ Ճիշտ է, «Ընդերքի մասին» օրենքն այսօր փոփոխության է ենթարկվել, սակայն անցումային դրույթներով պահպանել է իր իրավունքը։ Խոսքն այս մասին է, որ ընկերությունը պետք է ունենա որոշակի պաշարներ, օրինակ՝ ընկերության հաստատած պաշարները կարող է լինել ամբողջ հանքավայրը, սակայն լեռնահատկացումով պետությունը կարող է տրամադրել միայն մի մասը, եթե այդ մասը սպառել է շահագործողը, ապա կրկին դիմում է, որպեսզի ստանա հաջորդ մասը»։
Նրա խոսքով, երբ գյուղապետարանը տեղեկացրել է, որ հողի վարձակալության պայմանագիր պետք է կնքեն, ընկերությունից առաջարկել են, որպեսզի ամբողջ հանքավայրի մասով պայմանագիր կնքեն, ինչը մերժվել է համայնքի ղեկավարի կողմից։ Մինչ այդ արդեն տեղեկություններ են շրջանառվել, որ հանքավայրից ինչ-որ հատված տրվել է երրորդ կազմակերպության շահագործման, և այս ամենն իրականացվել է՝ առանց «Արագած-պեռլիտ» ընկերությանը տեղյակ պահելու։
Նկատի ունենալով պայմանագրի կնքման ժամկետները, ընկերության լիազոր ներկայացուցիչն ապրիլի 12-ին հանդիպել է համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի հետ։
Այդ ժամանակ համայնքապետը տեղեկացրել է, որ այն տարածքները, որոնց համար ընկերությունը ցանկանում է վարձակալության պայմանագիր կնքել, տարբեր պատճառներով ծանրաբեռնված են։ Լիազոր ներկայացուցչի դիտարկումը, թե այդ տարածքներում ընկերությունն ունի հաստատված պաշարներ, ուստի իրավունք չունեն դրանք տրաամադրել երրորդ կազմակերպության, մնում է անարձագանք։
Ընկերության լիազոր ներկայացուցիչը պահանջել է երրորդ կազմակերպության ներկայացուցիչների անունները, սակայն համայնքապետարանից չեն տրամադրել։
«Համայնքապետը մեզ չի տալիս տվյալներ, թե ովքեր են սեփականատերերը, միայն ասում է, որ գնանք մեր լեռնահատկացման տարածքով վարձակալության պայմանագիրը կնքենք, մենք մերժում ենք, քանի որ ցանկանում ենք մեր ամբողջ տարածքի համար պայմանագիրը կնքել։ Քանի որ հետագայում մենք իրավունքի պաշտպանության միջոցներ պետք է օգտագործենք՝ մեր կորցրած տարածքների վերաբերյալ, ներառյալ՝ այն տարածքները, որոնք տրվել են այլ կազմակերպության շահագործման, ապա միայն մեր լեռնահատկացման տարածքով վարձակալության պայմանագիր չենք կնքել, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունների կարիք չլիներ։ Մենք պահանջում ենք մեզ հասանելիք ամբողջ տարածքի վարձակալության մասին պայմանագիր, որը մինչև այսօր չի կնքվել»,- շեշտեց Մ. Պողոսյանը։
Հետագայում ընկերությունը սեփական միջոցներով է փորձել պարզել, թե իր հաստատված պաշարների տարածքում ովքեր են հանդիսանում սեփականատերեր։ Պարզել են, որ գյուղապետն իրեն վարձակալության տրված տարածքը ենթավարձակալությամբ տվել է այն կազմակերպությանը, որը շահագործում է ընկերությանը պատկանող հանքի մի հատվածը։ Ենթավարձակալության պայմանագիրն էլ ստացել են կադաստրից։
«Այս մասով քրեական գործ է հարուցվել»,- տեղեկացրեց Մարտուն Պողոսյանը։
Ինչ վերաբերում է գործարանի աշխատանքի հետևանքով գյուղմթերքին սպառնացող փոշուն, որի վերաբերյալ մեր հոդվածում ահազանգել էր համայնքի բնակիչներից մեկը, ընկերության լիազոր ներկայացուցիչն ասաց.
«Նախագծով գործարանն ունի «սանիտարական զոնա», ինչը նշանակում է, որ այդ տարածքներում չի կարող լինել պտղատու ծառ, քանի որ այնտեղ փոշոտ է լինելու, մեր սանիտարական զոնան մոտավորապես 500 մետր է։
Այսօր գործարանի չորս բոլորը ծառերի այգիներ է, հարց է առաջանում՝ ո՞վ է թույլ տվել, որպեսզի բերեն գործարանի «սանիտարական զոնայում» ծառեր աճեցնեն։ Բացի այդ, նշված տարածքում միայն մենք չէ, որ փոշի ենք արտադրում, կան մի քանի գործարաններ։
Փոշու վերաբերյալ էլ մայիսի 13-ին «Լեռնամետալուգիայի ինստիտուտը» չափումներ է իրականացրել գործարանի 5 դիտակետերում, միայն մեկ կետում է, որ 20-20 տոկոս օդի արտանետումներն ավելին եղել, մյուս կետերում ամեն ինչ նորմալ է։ Այդ մեկ կետի մասով էլ աշխատանքներ ենք տանում, որպեսզի բերենք նորմայի մեջ, այդուհանդերձ, չենք կարող ասել, որ դա բնապահպանական աղետ է։ Փորձաքննության այս ցուցանիշն արդեն փաստում է, որ գործարանում լավ կամ վատ ֆիլտրացիոն համակարգ կա, որ 5 դիտակետից միայն մեկում է շեղում եղել։ Ընթացիկ աշխատանքներ անելու տեղ ունենք, ինչը միշտ էլ անում ենք, եթե այդ աշխատանքները չանենք, ապա գործարանում կլինի այն վիճակը, ինչը նկարագրել են այդ մարդիկ հոդվածում»։
Զվարթ Խաչատրյան