Բաժիններ՝

Գերմանացի «Կանաչները» ժողովրդականության ցուցանիշով առաջ են անցել ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից. հարցում

«Կանաչներ» կուսակցությունը առաջին անգամ ժողովրդականության ցուցանիշով առաջ է անցել կառավարող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնեադեմոկրատական միության եւ Քրիստոնեասոցիալական միության դաշինքից: Այդ մասին վկայում են Infratest dimap հետազոտական ինստիտուտի կողմից ARD հեռուստաալիքի համար անցկացված հարցման տվյալները: Հարցման համաձայն, «Կանաչները», մայիսի սկզբի տվյալների համեմատությամբ, իրենց ցուցանիշն ավելացրել են 6 տոկոսային կետով:

Եթե Բունդեսթագի ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, նրանք կստանային ձայների 26 տոկոսը: ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ընդհակառակը, կկորցներ 3 տոկոսային կետ. նրանց վարկանիշը կհաստատվեր 25 տոկոսի նշագծին: Հարցման գլխավոր հետնապահը դարձել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ): Նրանք կորցրել են 6 տոկոսային կետ եւ ստացել ընդամենը 12 տոկոս:

Սոցիալ-դեմոկրատներից առաջ է անցել աջ «Այլաընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որն իր արդյունքը բարելավել է 1 տոկոսային կետով՝ հասցնելով 13 տոկոսի: Ազատ դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 8 տոկոսը, «Ձախերը»՝ 7 տոկոսը, մյուս կուսակցությունները՝ 9 տոկոսը: Կառավարության աշխատանքից գոհ է հարցվածների միայն 28 տոկոսը, ինչը 10 կետով պակաս է, քան մայիսի սկզբին: 72 տոկոսը այնքան էլ գոհ չէ կամ դժգոհ է (+ 10 կետ):

Բացի այդ, հարցման մասնակիցների 27 տոկոսը հայտարարել է, որ հենց «Կանաչների» կուսակցությունը լավագույն պատասխաններն ունի ապագայի հարցերին: Միայն 12 տոկոսն է այդ հարցին պատասխանել ՔԴՄ/ՔՍՄ-ի օգտին: Գերմանացի քաղաքական գործիչների գործունեության հավանության վարկանիշում առաջատարը կանցլեր Անգելա Մերկելն է (53 տոկոս), նրան հաջորդում են ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը (50 տոկոս) եւ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը (42 տոկոս):

ՔԴՄ/ՔՍՄ-ի նախագահի պաշտոնում Մերկելին փոխարինած Անեգրետ Քրամփ-Քարենբաուերի աշխատանքից գոհ է միայն 24 տոկոսը, ինչը 12 տոկոսով պակաս է, քան անցած ամսին: Հարցումն անցկացվել է հունիսի 3-ից 5-ը, դրան մասնակցել է 1500 մարդ: Վիճակագրական անճշտությունըկ չի գերազանցում 3,1 տոկոսային կետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս