
Առաջին հերթին և բոլորից ավելի ոստիկանությունն է շահագրգռված, որ նման երևույթներն իսպառ բացառվեն կառույցի գործունեության մեջ

Այսօր Ազգային ժողովում ոստիկանության պետին ուղղված հարցադրում է հնչեցվել գիշերը Դավիթաշենում քաղաքացու հետ կատարված միջադեպի կապակցությամբ, որի վերաբերյալ ոստիկանությունն արդեն իսկ պարզաբանում է տարածել:
Հարկ ենք համարում կրկնել, որ միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ, սկսվել է ծառայողական քննություն:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա նորից հիշեցնենք, որ ոստիկանությունը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և կատարում է իր գործառույթներից բխող գործողություններ:
Միևնույն ժամանակ հարկ է հիշել, ոստիկանների աշխատանքում չեն բացառվում նաև վրիպումներն ու թերացումները, ինչպես և ոստիկանության մեծ ընտանիքին անհարիր անձանց գոյությունը:
Առաջին հերթին և բոլորից ավելի ոստիկանությունն է շահագրգռված, որ նման երևույթներն իսպառ բացառվեն կառույցի գործունեության մեջ:
Ծառայողական քննության արդյունքներով լիարժեք կբացահայտվեն միջադեպի բոլոր հանգամանքները, և եթե ահազանգի իսկությունը հաստատվի, մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: