Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է գազի գնի հարցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել է գազի գնի հարցը: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ գազի գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը:
«Դա, իրոք, շատ կարեւոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետեւ այդ հարցը մենք քննարկում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Կարծում եմ, որ հարկավոր է հասկանալ այդ հարցի բոլոր նրբերանգները, որովհետեւ ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ, առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս:
«Դա ցույց է տալիս, որ մենք տնտեսական բեկման հասնելու շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա համարում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպը, որը մենք ունենք տնտեսության մեջ: Եվ ես հուսով եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, որովհետեւ՝ չէ՞ որ Ռուսաստանի հետ մենք առանձնահատուկ՝ ռազմավարական հարաբերություններ ունենք, եւ ես կարծում եմ, որ հարկավոր է լուծել նաեւ գազի ռազմավարական հարցը»,- ասել է Փաշինյանը: