
Վրաստանի վարչապետն արժանի է համարում, որ իր երկիրը դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ

ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, որն արժանի է դրան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սան-Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով հասարակական համաժողովում:
«Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը»,-վարչապետի խոսքը մեջբերել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Նա Սան Ֆրանցիսկոյում արդեն հանդիպում է ունեցել ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ամերիկա-իսրայելական խոշոր ընկերության հիմնադիրներից մեկի հետ: Բախտաձեն ԱՄՆ-ում կգտնվի մինչեւ հունիսի 14-ը:
Այդ ընթացքում ծրագրված են նաեւ Վաշինգտոնում նրա պաշտոնական բանակցությունները ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ ԵՄ-ի հետ մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել է, որ Վրաստանը եւ Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: