
Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը

Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակն է առգրավել Մելբուռնի նավահանգստում: Ինչպես հունիսի 7-ին հաղորդվում է իրավապահների պաշտոնական կայքում, առգրավված խմբաքանակի ընդհանուր արժեքը շուրջ 850 միլիոն ամերիկյան դոլար է։
«Ավստրալիայի սահմանապահ ծառայության եւ դաշնային ոստիկանության համատեղ գործողության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը: Թմրանյութերով վակուումային տոպրակները թաքցած են եղել ստերեոդինամիկներում, որոնք (Մելբուռնում) ստացվել են Թաիլանդից: Ընդհանուր առմամբ մենք գտանք 1,6 տոննա մետամֆետամին եւ 37 կիլոգրամ հերոին: Առգրավված խմբաքանակի գնահատման արժեքը կազմում է շուրջ 1,215 միլիարդ ավստրալական դոլար (848,4 միլիոն ամերիկյան դոլար)»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Վիկտորիայի նահանգում Ավստրալիայի դաշնային ոստիկանության տարածաշրջանային բաժանմունքի հրամանատարի պաշտոնակատար Փիտեր Բոդելի խոսքով՝ առգրավման ընթացքում ոչ ոք չի ձերբակալվել եւ թմրանյութերի տիրոջը հայտնաբերել առայժմ չի հաջողվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: