2017թ. հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 141 մլրդ, իսկ 2018-ին՝ 1 տրլն 306 մլրդ դրամ. Անանյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, մանրամասն բացատրելով բյուջեի եկամուտների հաշվարկի հին ու նոր մեթոդաբանության տարբերությունը, նշեց, որ համադրելու դեպքում ստացվում է, որ 2017թ. հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 141 մլրդ, իսկ 2018-ին՝ 1 տրլն 306 մլրդ դրամ:
«2018թ., բացի նրանից, որ լի էր քաղաքական իրադարձություններով, նաև ինքը ֆինանսական առումով, պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման տեսանկյունից մեթոդաբանության առումով էլ հեղափոխական տարի է»,- ասաց Դ.Անանյանը:
ԱԱՀ վերադարձի գումարն անցած տարի, ըստ նրա, համադրելի ցուցանիշներով կազմել է 97 մլրդ դրամ, 2017-ին եղել է 41 մլրդ:
«Կատարողականը կազմել է 99.7%»,- ասաց Դ.Անանյանը՝ նկատելով, որ այն փոքր է 100%-ից, սակայն նախորդ տարիներին կանխավճարները հաշվվել են որպես եկամուտ, իսկ անցած տարի դրանք հանվել են, ընդ որում՝ նախորդ տարիներին կատարողականը եղել է 94-95%, նույնիսկ 92%:
Դ.Անանյանը նշեց, որ հարկային գերավճարների պարտքը հունիսի 1-ի դրությամբ կազմել է 45 մլրդ, և այդ ցուցանիշը յուրաքանչյուր ամիս նվազում է, այսինքն՝ գերավճարների պարտքը պետությունը մարում է: