«Եթե Փաշինյանին ենթարկվող չինովնիկները շարունակեն զանգել դատավորներին, ոչինչ չի ստացվի, որքան էլ որ Փաշինյանը գեղեցիկ բառեր ասի»․ Լև Պոնոմարյով

«Եթե գեթ մեկ չինովնիկ զանգահարել է դատավորի, պետք է հեռացնել նրան, պետք չէ հետաքննել այդ գործը, դա քրեական գործ չէ, պետք է պարզապես հեռացնել այն պատճառով, որ նա խախտել է վստահությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս ճանաչված իրավապաշտպան Լև Պոնոմարյովը՝ անդրադառնալով ՀՀ-ում իշխանությունների նախաձեռնած դատական բարեփոխումներին և իրականացվելիք անհրաժեշտ քայլերին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մտադրություն կա Հայաստանում նոր, հակակոռուպցիոն դատարան ստեղծել։ «Առաջիկայում մենք կստեղծենք հակակոռուպցիոն նոր դատարան, և ամենակարևոր հարցը, օրինակ՝ շատ են ասում՝ մեկ տարի ինչու դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումներ չեն արվել։ Ասեմ՝ ինչու չեն արվել, որովհետև դուք գիտեք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք այսպիսի երևույթ, երբ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում սահմանված տեղերի քանակը դիմողներից ավելի է եղել։ Որովհետև մարդն ասում է՝ ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ, ինչի՞ համար։

Հիմա ինչո՞ւ եմ հեռվից գալիս, առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման՝ չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ դատավորների աշխատավարձերի բարձրացումն առաջնահերթություն է, որը պետք է իրականացնել միջազգային դոնորների աջակցությամբ։

Ավելի վաղ նա խոսել էր նաև վեթինգի անցկացման կարևորության մասին։

Լև Պոնոմարյովի խոսքով՝ դատական բարեփոխումները, ներառյալ՝ այն քայլերը, որոնք ՀՀ վարչապետն է նշում, անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն Հայաստանում, այլև հետսովետական բոլոր երկրներում, քանի որ այս երկրներում լուրջ խնդիրներ կան, այս տարածաշրջանում չի հաջողվել կառուցել ժողովրդավարություն, բացի Մերձբալթյան երկրներից։ Նա նշեց, որ նույնիսկ Ուկրաինայում, որտեղ արդեն ժողովրդավարական ինստիտուտներ են գործում, հակակոռուպցիոն դատարան, դատարանները դեռ օբյեկտիվ չեն, և դա լուրջ խնդիր է։ Իրավապաշտպանն ասաց, որ Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրներին ծանոթ է մակերեսորեն, բայց, ըստ նրա, դժվար չէ ենթադրել, որ նման խնդիր կա նաև Հայաստանում։

«Ես կասեմ, որ դատարանները որոշում են ռեժիմը, շատ որոշիչ նշանակություն ունի այս ոլորտը երկրի համար։ Կարելի է, ինչպես Ուկրաինայում, երկար քաղաքական բարեփոխումներ իրականացնել, ընտրություններ անցկացնել, բայց երկրում հակակոռուպցիոն միջավայրի ամրապնդման համար այս համակարգի բարեփոխումները ծայրաստիճան կարևոր են։ Ես կարող եմ այս մտադրությունները միայն ողջունել։ Կհավելեմ, որ պետք է նոր օրենսդրություն ընդունել, իրականացնել դատական բարեփոխումներ, դրանց շրջանակում հետևել, որպեսզի առաջին հերթին դատարանների ղեկավարները չկարողանան միջամտել գործերի ընթացքին, սրանք տրամաբանական հարցեր են, բայց կարևոր։

Կան տեխնիկական քայլեր, որոնք կոռուպցիոն բաղադրիչը հեռացնում են այս համակարգից, ինչպես նաև կրկին տրամաբանական է, բայց պետք է նշել, որ հարկավոր է արգելել, որպեսզի չինովնիկները զանգահարեն դատավորներին, դա կախված է երկրի ղեկավարից, ոչ միայն դատավորներից։ Եթե չինովնիկները, որոնք ենթարկվում են Փաշինյանին, շարունակեն զանգել դատավորներին, ոչինչ չի ստացվի, որքան էլ որ Փաշինյանը գեղեցիկ բառեր ասի։

Եթե գեթ մեկ չինովնիկ զանգահարել է դատավորի, պետք է հեռացնել նրան, պետք չէ հետաքննել այդ գործը, դա քրեական գործ չէ, պետք է պարզապես հեռացնել այն պատճառով, որ նա խախտել է վստահությունը, իսկ վստահության բաղադրիչը շատ կարևոր է, քանի որ գեղեցիկ բառեր կարելի է ասել, բայց եթե նոր չինովնիկները կամ Փաշինյանն անձամբ զանգահարեն ինչ-որ տեղ, ապա 100 տոկոսով ոչինչ չի ստացվի։

Պետք չէ նաև վախենալ համակարգ մտցնել նորավարտ մասնագետներին, իրականացնել արագացված ուսուցում, որպեսզի այդ մասնագետները սկսեն աշխատել մարզային դատարաններում՝ կատարելով իրենց առաջին քայլերը, չպետք է վախենալ փոխել դատական կազմը»,- նման կարծիք հայտնեց Լև Պոնոմարյովը։

Նշենք նաև, որ ռուս իրավապաշտպանը տեղյակ չէր ամիսներ առաջ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսման սկանդալից, որում դատավորի զանգի մասին խոսակցություն կար։ Ըստ նրա՝ նման դեպքերում չինովնիկները պետք է պաշտոնանկ արվեն։

Նա նշեց, որ դժվար է մատնանշել օրենքներ, օրենսդրություններ արևմտյան երկրների օրինակներից, որոնք կարգավորում են դատական գործունեությունը։ «Բայց մենք գրել էինք ոչ վատ բարեփոխում 1990-ական թթ. սկզբին, այդ թվականներից մենք ունեցանք մեծ բարեփոխում, բայց դա շարունակական բնույթ չկրեց, քանի որ չինովնիկները շարունակեցին ճնշումները դատավորների նկատմամբ, դատավորների կազմը շատ կոնսերվատիվ էր, նախկին ուժայիններ էին համակարգում։ Պետք է ներգրավել նաև մեծ թվով ատենակալներ, մենք դա մեր բարեփոխման մեջ ներառել էինք, սակայն Պուտինի օրոք այս կարգավորումը հանվեց»,- նկատեց իրավաշտպանը։

Լև Պոնոմարյովն ընդգծեց, որ չի կարող ասել, որ այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, լիովին երաշխավորում է բարեփոխումը, բայց այն, որ դա պետք է անել, կա նման ցանկություն, ողջունելի է։ «Ուկրաինայում դեռ մեծ դատական բարեփոխում պետք է տեղի ունենա, հուսանք, որ Զելենսկին կանի դատական բարեփոխում։ Թող Փաշինյանն ու Զելենսկին մրցակցեն դատական բարեփոխման հարցում, խորհուրդ եմ տալիս»,- կատակեց ռուս իրավապաշտպան Լև Պոնոմարյովը։

Տեսանյութեր

Լրահոս