Բաժիններ՝

«Ես չգիտեմ, թե երկու սրճարան ապամոնտաժելն ի՞նչ տվեց քաղաքին». Անի Խաչատրյան

«Ես չգիտեմ, թե երկու սրճարան ապամոնտաժելն ի՞նչ տվեց քաղաքին: Ասում էի՝ Օպերայի տարածքը թող դառնա պուրակ, բայց ապամոնտաժենք բոլորը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ խոսելով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման մասին:

«Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման ժամանակ անունը դրել էին կանաչ գոտի, բայց եթե անունը դնեին՝ ապամոնտաժում ենք ապօրինի կառույցները, ես կհասկանայի, բայց ոչ՝ կանաչապատում, որովհետև այդ փոքր հատվածով կանաչապատում չի լինելու: Տակը կառուցապատված է, այնտեղ կաթիլային համակարգ պետք է լինի: Մի շարք խնդիրներ կան:

Երկու սրճարանի հետ կապված դատական գործընթաց է, չգիտենք, թե ինչքան կտևի: Կարող էին այդ երկու սրճարանը թողնել, այս տարի էլ աշխատեին, ու հետո մրցույթ հայտարարվեր, ու որևէ կազմակերպություն այդ պուրակի աշխատանքներն աներ՝ ապամոնտաժվեր ամենը, այնտեղ այնքան տգեղ շինություններ կան»,- հավելեց Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երկու սրճարաններն ապամոնտաժելու իրավական հիմքերն ապահովելու համար Քաղաքապետարանը դիմել է դատարան։ Դրանցից մեկը «Շոկոլադնիցա» սրճարանն է, որի շահագործող ընկերությունը տարածքը վարձակալել է մինչև 2026 թվականը և համայնքի սեփականություն հանդիսացող հողի վրա ունի սեփական շինություն։

Նման օրենսդրական կարգավորումը գործել է մինչև 2005 թվականը, և տնտեսվարողը սեփականացրել է վարձակալած հողի վրա կառուցած շինությունը։ Երևան համայնքը դատարանից պահանջում է լուծված համարել պայմանագիրը, որպես հետևանք՝ վերացնել ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերադարձնել հողամասը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս