«Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով». Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ մեղավորներ լինելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն, պատիժն անխուսափելի է:

«Բոլոր փաստերը պետք է քննիչ հանձնաժողովում վեր հանվեն: Երկար ենք դրա մասին մտածել, կարծում եմ՝ խորհրդարանական ֆորմատն ամենահարմարն է, որպեսզի ընդդիմությունն էլ դրա մեջ ներգրավված լինի»:

Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս պետք է  վերլուծվեր քննչական ֆորմատում, քանի որ քրեական գործը ենթադրում է մեղադրյալներ և պատիժ: Քննիչ հանձնաժողովի նպատակը, ըստ վարչապետի, իրավիճակը վերլուծելն է, ստեղծել երաշխիքներ, որ նույն իրավիճակը չի կարող կրկնվել:

«Նոր գինին հին տիկերի մեջ լցնելու փորձը սխալ է, որովհետև ամեն ինչ մերկանտիլ հաշվարկներով չափել, ինչ-որ ինտրիգներով, էս մեկի ոտքի տակը փորելու, էն մեկի ոտքի տակն ամրացնելու, դա ճիշտ չի, կան շատ ավելի լուրջ խնդիրներ»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս