Բաժիններ՝

Երևանում կայացավ ՀՀ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների նվագախմբերի համատեղ համերգը

Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» (The Salamanca Band and Bugles of The Rifles) նվագախմբի և բրիտանական բանակի շեփորահարների համատեղ համերգը: Բացօթյա համերգը կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ: Համերգին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Ինձ համար, բացի գեղեցիկ երաժշտությունից, այս միջոցառումը նաև խորհրդանշական է, քանի որ այսպիսով հայ-բրիտանական հարաբերություններն ավելի կարող են խորանալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԹ դեսպանը: Անդրադառնալով ՀՀ ՊՆ զինվորական նվագախմբին՝ նա ասաց, որ վերջերս որոշ երաժիշտներ այցելել են Միացյալ Թագավորություն, ինչի ընթացքում տեղի է ունեցել փորձի փոխանակում:

Հայաստանում ՄԹ պաշտպանության հարցերով կցորդ Դեյվիդ Էդհելը նշեց, որ իր համար հաճելի է և, միևնույն ժամանակ, պատիվ ներկա գտնվել նման միջոցառման: «ՀՀ ԶՈւ նվագախմբի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Մի քանի օր առաջ ՄԹ այցի ժամանակ երաժիշտները եղել են Արքայական ռազմական երաժշտության դպրոցում»,- ընդգծեց Էդհելը: Նրա խոսքով` COAF-ի սմարթ կենտրոնում «Սալամանկա» նվագախումբը մայիսի 5-ին ելույթ է ունենալու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ միասին:

«Նման միջոցառումները միտված են մեր հասարակությունների միջև փոխըմբռնումը և շփումները սերտացնելուն»,- իր հերթին նշեց Գաբրիել Բալայանը և հավելեց, որ հայ-բրիտանական համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբը և բրիտանական բանակի շեփորահարների այցելությունը կազմակերպել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունը` ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս