Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը պաշտոնապես պայքարի մեջ մտավ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հունիսի 3-ին հայտարարել է, որ ընտրական արշավ է սկսում Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար:

«Այժմ եկել է ժամանակը՝ ստուգելու ինքներս մեզ եւ այն, թե մենք ինչ կարող ենք անել, ահա թե ինչու ես պատրաստ եմ դառնալ Պահպանողական կուսակցության առաջնորդը»,-հայտարարել է նա այն տեսագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում նրա էջում:

Ավելի վաղ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են տասը թորի քաղաքական գործիչներ:

Նրանց թվում են՝ ֆավորիտ համարվող Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, Brexit-ի գծով խորհրդարանական փոխնախարար Ջեյմս Քլեւեռլին միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը, թագավորության ՆԳ նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը եւ տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը, բրիտանացի պատգամավոր Մարկ Հարփերը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Միացյալ Թագավորության ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Կուսակցության եւս մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածուներն առաջադրելու հնարավորությունը: Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին պաշտոնաթող կլինի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալն իրագործելու անհնարինության պատճառով:

Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդին: Այդ գործընթացը պետք է սկսվի հուլիսի 10-ին եւ ավարտվի հուլիսի երկրորդ կեսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս