2018թ․ Թուրքիայից 2 մլրդ 188 մլն դոլարի ռազմաավիացիոն արտադրանք է արտահանվել
Թուրքիայի ռազմաավիացիոն արդյունաբերական ընկերությունների տարեկան համախառն եկամուտը մեկ տարում աճել է 31 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 761 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում այս ոլորտում արտահանման ծավալները ևս ավելացել են 20 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 188 մլն դոլարի։ Արտահանման այս ծավալները ռեկորդային են Թուրքիայի ռազմաավիացիոն արդյունաբերության համար։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Արտահանման ոլորտում նախորդ տարի առաջատարը եղել է «Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ)՝ 503 մլն դոլար արտահանման ծավալով։ Ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և դրանց պահեստամասեր արտադրող ընկերությունը ընդգրկվել է նաև «2018թ․ Թուրքիայի 500 ամենախոշոր արդյունաբերական ընկերությունների» ցանկում՝ գրավելով 22-րդ տեղը։
Ռազմաավիացիոն արդյունաբերության ոլորտում արտահանման ծավալներով երկրորդ տեղը գրավել է «TUSAŞ Motor Sanayii AŞ» ընկերությունը, որը մասնագիտացված է հատկապես ավիացիոն շարժիչների արտադրության ոլորտում։ Ընկերությունը ընդհանուր առմամբ 286 մլն դոլարի արտահանում է ապահովել։ «TUSAŞ Motor Sanayii AŞ»-ն Թուրքիայի խոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկում 37-րդն է։
Արտահանման ցուցանիշներով 3-րդը «FNSS Savunma Sistemleri AŞ» ընկերությունն է՝ 175 մլն դոլար արտահանման ծավալով։ Թրթուրավոր և անվավոր զրահամեքենաներ արտադրող այս ընկերությունը Թուրքիայի խոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկում 70-րդն է։
Երկրի խոշորագույն ռազմարդյուանբերական ընկերություններից «Aselsan»-ը նախորդ տարի արտահանման ծավալներով գրավել է 4-րդ հորիզոնականը՝ 142 մլն դոլար արդյունքով։ Իսկ Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական ընկերությունների ցանկում «Aselsan»-ը 98-րդն է։