
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սուտ մատնության համար կդիմի իրավապահ մարմիններին

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սուտ մատնության համար կդիմի ՀՔԾ, Դատախազություն կամ դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի:
«Այն պնդումները, որ ինքն անում էր, փաստացի սուտ մատնություն էր»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Ա.Սիմոնյանը՝ շեշտելով, որ սպասում է Իոաննիսյանի հրապակային հերքումներին:
Ա.Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 16 հազար դոլար վարկ վերցնելու մասին բանկային տեղեկանք՝ այդպիսով հերքելով Իոաննիսյանի մեղադրանքը, որ ինքն ապօրինի է հարստացել. «Նպատակն այն է, որ վերջ դրվի այն խոսակցություններին, որ ինչ-որ մեկը Հայաստանում ինձ մի բան նվիրի կամ իմ տեղը ինչ-որ բան առնի: Եթե նման մարդիկ կան, որ նման բան են պնդում, ես բանկի տեղը կարամ իրենց ցույց տամ, գնան էդ վճարումներն անեն, որոնք ես արել եմ, և նպատակը եղել է այդ մարդկանց բերանները փակելը»:
Ա.Սիմոնյան մերժեց տեսակետը, որ «սորոսականների» ու «ոչ սորոսականների» պաքար է. «Սա թամբալ և ոչ կոմպետենտ մարդկանց աշխատանքի հետևանք է, ես անհամբեր սպասում եմ ներողությանն ու հրապարակային հերքմանը, երբ իրենք բարձրաձայն ասում էին, թե բա՝ գտել ենք, ապօրինի հարստացել է, դա փաստ է, ՀՔԾ-ն զբաղվի»:
Ըստ նրա՝ այս տեղեկանքն ապացուցում է գումարի ծագումնաբանությունը. «Ես սրա տակ տեսնում եմ քաղաքական նպատակ, տեսնում եմ անգրագիտություն, տեսնում եմ միտում և չեմ ողջունում դա որևիցե ձևով: Ես սպասում եմ հերքմանը, ժամանակ եմ տվել»: