Արցախի թիմը հաղթել է CONIFA-ի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տանտերերի առավելությամբ է ավարտվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը՝ 3-2 հաշվով` հօգուտ Արցախի:
Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից: «Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի մեր թիմը հաղթի:
Շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ դիմացան: Մենք վաստակել ենք առաջին կարևոր 3 միավորը: Մեր տղաներին միշտ ասում ենք, որ մեզ համար եզրափակիչ է առաջին և վերջին խաղը: Քայլ առ քայլ փորձելու ենք մոտենալ հաղթանակին»,- նշել է Սլավա Գաբրիելյանը:
Իր խոսքում Արցախի հավաքականի առաջին գոլի հեղինակ Նորիկ Մկրտչյանն ասել է, որ շատ անսպասելի էր և միաժամանակ ոգևորիչ առաջին գոլը խաղի մեկնարկի հենց առաջին րոպեներին:
«Դժվար խաղ ստացվեց, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ մինչև հաղթանակ: Հուսով եմ` ֆինալում կհայտնվեն ուժեղագույն թիմերը, և հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու իրական ֆուտբոլային տոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին»,- ավելացրել է Նորիկ Մկրտչյանը:
Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։