Բաժիններ՝

«Լիվերպուլ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում «Լիվերպուլ»-ը հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ 0-2 հաշվով: «Լիվերպուլ»-ը 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Հանդիպման մեկնարկը շատ անհաջող էր «Տոտենհեմ»-ի համար: Խաղի 21-րդ վայրկյանին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Լոնդոնը ներկայացնող ակումբի դարպասին. «Տոտենհեմ»-ի պաշտպան Մուսա Սիսոկոն տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: 11 մետրանոցը հստակ իրացրեց Մուհամմեդ Սալահը՝ բացելով խաղի հաշիվը:

Բաց թողած գնդակից հետո «Տոտենհեմ»-ը սկսեց ավելի զգոն գործել պաշտպանությունում՝ միևնույն ժամանակ փորձելով հարձակման գծում ճնշում գործադրել մրցակցի վրա և հավասարեցնել հաշիվը: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, երկու թիմերն էլ գոլ խփելու հնարավորություններ ունեին, սակայն հաջողության հասնել թիմերից որևէ մեկը չկարողացավ:

Խաղակեսի վերջնամասում ակտիվացել էր հատկապես «Տոտենհեմ»-ը, սակայն դրանից օգուտ քաղել լոնդոնյան ակումբը չկարողացավ: Խաղակեսն ավարտվեց «Լիվերպուլ»-ի հաղթանակով՝ նվազագույն հաշվով:

Երկրորդ խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստները, «Լիվերպուլ»-ը հիմնականում խաղում էր հակագրոհների մարտավարությամբ: Չնայած բազմաթիվ գրոհներին՝ «Տոտենհեմ»-ն այդպես էլ չկարողացավ կոտրել «Լիվերպուլ»-ի դիմադրությունը, իսկ հանդիպման վերջնամասում գոլ բաց թողեց: 88-րդ րոպեին «Տոտենհեմ»-ի տուգանային հրապարակում ստեղծված խառը իրավիճակից օգտվեց Դիվոկ Օրիգին՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը:

Մնացած ժամանակահատվածում ևս «Տոտենհեմ»-ը փորձում էր փրկել խաղը, ստեղծեց մի քանի հնարավորություն, բայց այդպես էլ հաջողության չհասավ: Հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլ»-ի առավելությամբ՝ 0-2 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս