«Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ». Ալիև

«Հայաստանի հետ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում շարժ կա»,- այս մասին, պատասխանելով ТАСС-ի հարցին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի հումանիտար ակցիաներով։ Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ է մնացել, բանակցությունները վարվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես որ եղել է շատ տարիներ,- ասել է նախագահ Ալիևը,- բանակցային գործընթացին նոր ազդակ է տրվել, մենք շատ դրականորեն ենք գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` մարտի 9-ի հայտարարությունը, որում ասվում է, որ բանակցային գործընթացի փոփոխություն կարող է լինել միայն 2 կողմի համաձայնությամբ»։

Նրա խոսքերով՝ Բաքուն դրա համար իր համաձայնությունը չի տվել։

Ալիևը նշել է նաև, որ հավանաբար մոտ ժամանակներում 2 երկրների ԱԳՆ նախարարները կհանդիպեն բանակցային գործընթացը շարունակելու համար։

«Բանակցային գործընթացը պետք է միտված լինի արդյունքին։ Ադրբեջանի համար առաջին տեղում է Ադրբեջանի` միջազգային իրավունքի շրջանակներում, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի շրջանակներում միջազգայնորեն ճանաչված տարածքների ապաօկուպացիան, որոնք պահանջում են հայկական ուժերի անհապաղ ու անվերապահ դուրսբերումը օկուպացված տարածքներից»,- նշել է Ալիևը։

Ըստ Ադրբեջանի նախագահի` բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և իրենք դրանք դրական են գնահատում։

Տեսանյութեր

Լրահոս