Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը չնշանակվեց. ով է Օպերային թատրոնի նորանշանակ տնօրենը

Մշակույթի նախարարությունում ժամեր առաջ վերջակետ է դրվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նշանակման շուրջ բարձրացված աղմուկին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որին Մշակույթի նախարարությունը դիտարկում էր՝ որպես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Օրբելայնի փոխարինող, այդպես էլ չնշանակվեց: 168.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ աղմկահարույց նշանակման արժանացած թեկնածուն ուրիշ մեկն է եղել: Դեռևս չճշտված տեղեկություների համաձայն՝ նշանակված անձը Հասմիկ Պապյանն է: Նշենք, որ սոպրանոյի անունը հիշատակվում էր իշխող ուժի ներկայացուցիչների համար ցանկալի թեկնածուների շարքում:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ հրաման էր ստորագրել, որով Կոսնտանտին Օրբելյանին ազատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից՝ վաստակաշատ դիրիժորին թողնելով միայն թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի հաստիքում:

Ի դեպ, բացառված չէ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առժամանակ հանվել է զուտ այս բուռն արձագանքների դիմակայության պատճառով, որպեսզի թեկնածուն խնայվի հետագա նշանակման համար:

Իսկ նա, ով կնշանակվի այս 6 ամիսների միջանկյալ ժամանակահատվածում՝ որպես տնօրենի ժ/պ, փաստացի իր վրա է վերցնելու Օրբելյանի ազատումից հետո այս ընդվզումների ու ատելության տհաճ բեռը:

Նկատենք, որ նույն Արմեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն չի առաջարկվել զբաղեցնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուի պաշտոնը, ինքն իրեն ավելի հաստատուն դերում էր տեսնում: Իսկ Կառավարություն կարծիքի ուղարկված անձի անունը ողջ օրը գաղտնի էր պահվում:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս