
Ֆրանսիայում ազատազրկվել է բնակարանն ահաբեկիչներին վարձակալությամբ տված քաղաքացին

Ֆրանսիայի քաղաքացի Ջավադ Բենդաուդը, ով իր բնակարանը 2015 թվականին վարձակալությամբ տվել էր երկու ահաբեկիչների, չորս տարվա ազատազրկման է դատապարտվել: Ինչպես հաղորդում է France Press-ը, որոշումն ընդունել է Փարիզի վերաքննիչ դատարանը:
2018 թվականին ֆրանսիական դատարանը Բենդաուդին անմեղ էր ճանաչել: Դատախազությունն անմիջապես բողոքարկել էր որոշումը: Քաղաքացին ձերբակալվել էր Սեն-Դենի քաղաքում իրականացված խոշոր գործողության արդյունքում: Հենց նրա բնակարանում էին թաքնվում այն երկու ահաբեկիչները, ում քննությունը համարում է նոյեմբերի 13-ին Փարիզում և Սեն-Դենիում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպիչ: Ընդ որում, ահաբեկչությունները խլել էին 130 մարդու կյանք: