Փաշինյան-Ալիև հանդիպումը բովանդակալից էր և արդյունավետ. ՄԽ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումն անվանել է բովանդակալից և արդյունավետ: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկումը:

«Երկար, բովանդակալից և արդյունավետ եմ գնահատում հանդիպումը, որը հնարավորություն տվեց ղեկավարներին ներկայացնել տեսակետները: Հաջորդ հանդիպման մասին կտեղեկացնեն վարչապետն ու նախագահը»,- հայտարարել է Վիսկոնտին:

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որը տևեց 3 ժամ 15 րոպե:

Հյուրանոցի մոտ նրան սպասում էին հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ողջունեցին վարչապետին ու լուսանկարվեցին նրա հետ:

Հանդիպումն անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մասնակցում էին նաև միջնորդներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:

Հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 14:00-ին: Սկզբում տեղի են ունեցել ընդլայնված կազմով շփումները, ապա երկու երկրների ղեկավարները մնացել են փակ դռների հետևում, հետո կրկին նրանց միացել են միջնորդները:

Տեսանյութեր

Լրահոս