Հայաստանն ու ԵՄ-ն ակտիվորեն առաջ են շարժվում համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պատվաստվել է ճանապարհային քարտեզի նախագիծ, և արդեն այս տարվա մայիս-հունիս ամիսներին կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ նիստին հաստատվելուց հետո, ճանապարհային քարտեզի վերջանական տարբերակը ՀՀ կառավարության կողմից կընդունվի որպես ներպետական իրավական ակտ և կմտնի արդեն կյանքի կոչման փուլ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ի հավելումն Հայաստանի և եվրոպական մի շարք պետությունների, ինչպես նաև Եվրամիության միջև եղած բարեկամական և գործընկերային հարաբերություններին այսօր կարող եմ հպարտությամբ նշել , որ թավշյա հեղափոխության և միջազգային բոլոր պահանջներին համապատասխան համապետական ընտրությունների անցկացումից հետո Հայաստանը եվրոպական երկրների հետ միասին իր տեղն է զբաղեցնում ժողովրդավարական երկրների ընտանիքում: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը Հայաստանում այլևս սոսկ խոսքեր չեն և դուրս են աշխարհաքաղաքական որևէ համատեքստից: Սրանք այն արժեքներն են , որոնց վրա պետք է կառուցվեն հասարակական հարաբերությունները , ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և միջազգային գործընկերների միջև:Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս համատեքստում մենք և մեր եվրոպացի գործընկերները խոսում ենք միևնույն լեզվով և լիարժեք փոխըմբռնում ունենք: Արժեքային փոխըմբռնման այս մթնոլորտը պարարտ հող է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման համար բոլոր ուղղություններով` քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական»,- ընդգծեց Ռուբինյանը:

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն ուղենիշներից մեկը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրն է , որն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Եվրամիության անդամ արդեն 10 երկրների կողմից:

«Մոտ ժամանակներս ակնկալվում է, որ այն կվավերացնեն նաև Գերմանիայի և Շվեդիայի խորհրդարանները: Ուզում եմ փաստել, որ ի հեճուկս տարբեր հոռետեսական կանխատեսումների Եվրամիությունը և Հայաստանը ակտիվորեն առաջեն շարժվում համաձայնագրի կիրարկման ուղղությամբ: Ինչպես կարող եք արդեն իմանալ, Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթություններ փաստաթղթի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պատվաստվել է ճանապարհային քարտեզի նախագիծը և արդեն այս տարվա մայիս-հունիս ամիսներին կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ նիստին հաստատվելուց հետո, ճանապարհային քարտեզի վերջանական տարբերակը ՀՀ կառավարության կողմից կընդունվի որպես ներպետական իրավական ակտ և կմտնի արդեն կյանքի կոչման փուլ»,- եզրափակեց Ռուբինյանը:

Տեսանյութեր

Լրահոս