
Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին և ընդգծել, որ հասարակության ու պաշտոնատար անձանց ներգրավվածության առումով այն վերջին տարիների ամենահաջողված շաբաթօրյակներից մեկն էր:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և տեղեկացնել, որ այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ` նպատակ ունենալով երկիրն ամբողջությամբ մաքրել աղբից»,-նշել է նախարարը: Այս առնչությամբ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է գույքագրել իրենց մարզերում առկա աղբավայրերն ու աղբակույտերը` հստակեցնելով դրանց հետագա շահագործման տարբերակները:
Անցնելով օրակարգային հարցերին` նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է համայնքային հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքներին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ջրանցքների մաքրման, հակակարկտային կայանքները պատրաստվածության բերելու, ինչպես նաև մարզպետների կողմից բարձրացված այլ հարցերի: