
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են ՏԻՄ աշխատանքների հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար շնորհավորել է դեսպան Թրեյսիին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանին կհաջողվի նոր զարկ հաղորդել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող ու հետզհետև խորացող հարաբերություններին և իր նպաստը բերել բոլոր ուղղություններով երկու պետությունների ու ժողովուրդների սերտ համագործակցությանը: Նախարարը հաջողված է գնահատել Հայաստանի վարչատարածքային բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության կայացմանը, համայնքային արդյունավետ ու հաշվետվողական կառավարմանն ուղղված ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերը ու նշել, որ դրանց տնտեսական ազդեցությունն արդեն իսկ արտահայտվում է մի շարք խոշորացված համայնքների կարողությունների հզորացման և դիմակայունությանամրապնդման մեջ։
Դեսպան Թրեյսին շնորհավորել է նախարար Պապիկյանին վերանշանակման կապակցությամբ և նկատել, որ տեղական ինքնակառավարման ամրապնդումը ժողովրդավարական առաջընթացի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: «Մենք բարձր ենք գնահատում նախարարության հետ մեր երկար տարիների գործակցությունն ու պատրաստ ենք հետագա համագործակցության»,-ասել է դեսպանը:
Դեսպանին ներկայացնելով տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորման և համայնքների ինքնաբավության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած ջանքերը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է․ «Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ, քանզի իրական մրցակցային ժողովրդավարության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ տեղերում կունենանք կայացած ժողովրդավարական ինստիտուտներ»։
Ավարտին նախարարը վերահաստատել է վարչատարածքային բարեփոխումների ոլորտում ԱՄՆ-ի կառավարության հետ ծրագրահեն և կառուցողական համագործակցության շահագրգռվածությունը և հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները իրենց օժանդակությունը կցուցաբերենոլորտի զարգացման ՀՀ կառավարության տեսլականին։