
Դեսպան Մկրտչյանը Կաունասի քաղաքապետին առաջարկել է համագործակցություն հաստատել ՀՀ խոշոր քաղաքներից մեկի հետ

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 25-ին հանդիպել է Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիյոշայտիսին (Visvaldas Matijošaitis):
Շնորհավորելով քաղաքապետին քաղաքային ընտրություններում վստահ հաղթանակ տանելու կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դեսպանության հետ համագործակցությունը նոր թափ կստանա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպան Մկրտչյանին Կաունասում՝ Վիսվալդաս Մատիյոշայտիսը բարձր է գնահատել դեսպանության ապակենտրոնացված գործունեությունը Լիտվայի ողջ տարածքում և Կաունասում մասնավորապես՝ հայտնելով առաջիկայում դեսպանության հետ համատեղ որևէ միջոցառում կազմակերպելու իր պատրաստակամությունը:
Կարևորելով Հայաստանի և Լիտվայի վարչատարածքային միավորների միջև համագործակցության հաստատումն ու խորացումը՝ դեսպան Մկրտչյանը Կաունասի քաղաքապետին առաջարկել է դիտարկել Կաունասի և Հայաստանի խոշոր քաղաքներից որևէ մեկի հետ համագործակցության հաստատման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես, Կաունասի բժշկական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպման արդյունքներով կողմերը կարևորել են պարբերական հանդիպումների անցկացումը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով: