Սերը շատ կամ քիչ չի լինում
«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ»: (Մատթեոս 10:37)
Բոլորս ենք փնտրում Աստծուն: Նրան գտնելու և հետևելու համար յուրաքանչյուրս մեր ճանապարհն ենք անցնում, որի ընթացքում երբեմն շեղվում ենք, երբեմն դժվարանում, երբեմն ետ կանգնում, տկարանում, մոլորվում: Այդ ճանապարհն անցնելու համար, սակայն, Տերը խոսեց մեզ հետ՝ բացահայտելով Իրեն հետևելու ճիշտ ճանապարհը:
Իրեն հետևելու միակ ճշմարիտ և անփոփոխ նախապայմանը, որը հիմք պետք է հանդիսանա Քրիստոսի մատնանշած ճանապարհին ոտք դրած յուրաքանչյուր մարդու համար սերն է:
Բայց ինչո՞ւ Աստված ասաց. «Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ»: (Մատթեոս 10:37)
Այս հատվածում խոսքը նրա մասին չէ, որ Աստծուն պետք է սիրել, իսկ ծնողին՝ ոչ։ Քրիստոս նկատի ունի այն, երբ մեկին սիրելով բացառում ենք մեկ ուրիշին սիրելը։ Իսկ դա գալիս է նրանից, որ մենք սովոր ենք սերը չափել «շատ» կամ «քիչ» որակումներով։ Աստծո նկատմամբ սերը ոչ թե պետք է բացառի ծնողի նկատմամբ սերը, այլ սնվի այդ սիրուց։
Իրականում սերը շատ կամ քիչ չի լինում։ Այն կարող ենք չափել միայն այն դեպքում, երբ դա ընկալում ենք ուղղակի որպես զգացմունք: Սակայն սերը զգացմունք չէ, այն միջանձնային հարաբերություն է, իսկ ծնողի, երեխայի կամ Աստծո հետ մեր հարաբերությունները տարբեր են և անհամեմատելի։ Երբ հրաժարվում ենք «շատ» կամ «քիչ սիրել» ձևակերպումներից, մենք հասկանում ենք, թե ինչպես է Աստված սիրում։ Սերն Աստծո և սերը ծնողի նկատմամբ նույն մեդալի երկու երեսն են։
Հին կտակարանյան ժամանակներում եղել է սովորություն. պատվիրանները ասեղնագործել են թաշկինակի վրա և կապել գլխին ի նշան նրա, որ դրանք մարդկանց հիշողության մեջ միշտ պահպանվեն և լուսավորեն նրանց միտքը: Գրվել են նաև մագաղաթների, հագուստի լայն թևքերի վրա, որպեսզի միշտ նրանց աչքի առջև լինեն և առաջնորդվեն այդ պատվիրաններով: Իսկ արդեն Նոր կտակարանյան ժամանակներում քրիստոնյաների համար պատվիրանները գրվում էին ոչ թե հագուստի, թղթի կամ մագաղաթի վրա, այլ` սրտի հիշողության:
Սիրո մասին պատվիրանը հարկավոր չէ մտապահել, կարել կամ գրել ինչ-որ տեղ: Այն հարկավոր է ասեղնագործել յուրաքանչյուրիս սրտում, մտքում և հոգում ու ամուր կապել դրանց թելերը, քանի որ սերը միայն սրտի զգացմունք, մտքի որոշում կամ հոգու սփոփանք չէ, այն այդ երեքի միասնական աշխատանքի արտահայտումն է:
Սիրելով Աստծուն՝ մենք սովորում ենք սիրել ծնողին, հարազատին և ուղղակի մարդուն:
Հասմիկ Թամամյան
qahana.am