
«Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունն անմիջական ազդեցություն չի ունենա Արցախի վրա». Զոլյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը չի կարծում, որ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ կարող է դառնալ Արցախի համար:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ ժամանակն է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Սիրիական այդ տարածքների հանդեպ Իսրայելը վերահսկողություն էր սահմանել 1967թ․ Վեցօրյա պատերազմի արդյունքում։
«Չեմ կարծում, որ անմիջական ազդեցություն կունենա, ի վերջո, տարբեր հարցեր են: Դա անմիջական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա, որովհետև իրավիճակը կարող է ինչ-որ չափով ավելի անկայունանալ, որը մեզ վրա անմիջական ազդեցություն չի ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զոլյանը՝ նկատելով, որ Արցախի համար նախադեպեր բավականին շատ կան:
Ըստ նրա՝ այնպես չէ, որ հայկական կողմը հենց այդ նախադեպից պետք է կախում ունենա. «Այսինքն՝ նախադեպեր շատ կան՝ սկսած Կոսովոյից: Թեև բոլորն ասում են, որ Կոսովոն նախադեպ չի, բայց, ի վերջո, նախադեպ է: Ես կարծում եմ, որ մենք պետք է ելնենք նրանից, որ իրոք Արցախի դեպքն ունիկալ է, և մենք բոլոր հիմքերն ունենք Արցախի անկախությունը ճանաչելու համար, և չփնտրենք ինչ-որ նախադեպեր: Ի վերջո, խնդիրը նախադեպը չի, խնդիրն այն է, որ մենք ունենք բոլոր հիմքերը՝ թե՛ իրավական, թե՛բարոյական, թե՛քաղաքական, և թե՛ պատմական, և կախված չենք նախադեպերի առկայությունից»: