ՀՀ փոխվարչապետ Ավինյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Վերմիշյանին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին:
«Վահագն Վերմիշյանը աշխատել է տարբեր երկրներում, ունի մեծ փորձառություն և ստանձնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ կաշխատի այն բոլոր բացթողումները շտկելու ուղղությամբ, որոնք կան ոլորտում»,- ասել է փոխվարչապետը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից,
Տիգրան Ավինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա, խոսելով՝ կառույցի դերի և նշանակության, գերատեսչության վրա դրված մեծ պատասխանատվության մասին:
«Նա անդրադարձավ նաև կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող գործարար միջավայրի բարելավման, «Գործարարություն» (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրք առաջմղման գործընթացում Քաղաքաշինության կոմիտեի մասով կատարվելիք աշխատանքներին:
Փոխվարչապետը խոսեց նաև Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի՝ ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանցում բնակվող ընտանիքների նկատմամբ պետական պարտավորությունների ծավալների ուսումնասիրման և դրանց իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներն արագացնելու, արդյունքները սահմանված ժամկետում ամփոփելու անհրաժեշտության մասին:
Տիգրան Ավինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին մաղթեց արդյունավետ աշխատանք, հաջողություն՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում:
Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին, համոզմունք հայտնեց, որ Կոմիտեի փորձառու անձնակազմն ունակ է իրականացնել կառավարության կողմից իր վրա դրված պարտավորությունները և պատվով լուծել գերատեսչության առջև դրված խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ: