«Պետք է հանրային շատ լայն քննարկում անցնի և ունենանք կոնսենսուսային լուծում». Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի քաղաքացու օր սահմանելու նախագծի մասին
Այսօր կառավարության նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
Ա.Զեյնալյանը նշեց, որ ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:
Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:
Ըստ այդմ՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է ՀՀ քաղաքացու օր:
«Կարծում եմ՝ սխալ տրամաբանություն է դրված, որովհետև կարող է էդ տրամաբանությամբ… չի՞ կարող համընկնի ապրիլի 24-ի հետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ապրիլ ամսվա վերջին շաբաթվա օրը ապրիլի 24-ն է, տոնը նշվում է կիարկի՝ ապրիլի 25-ին:
Սակայն Փաշինյանը չհամաձայնեց. «Իմ անձնական կարծիքով՝ այդտեղ խնդիր ունենք: Պետք է հանրային շատ լայն քննարկում անցնի և ունենանք կոնսենսուսային լուծում»: