
Դեսպան Աթաբեկյանը ելույթ է ունեցել Լիբանանի նախագահական պալատում կայացած Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառմանը

Լիբանանի նախագահական պալատում մարտի 20-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ելույթ են ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունը (Michel Aoun) և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Իր խոսքում Վահագն Աթաբեկյանը հակիրճ ներկայացրեց ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության երկու տարիների առաջնահերթություններն ու ծրագրերը:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի կարգախոսին, ՀՀ դեսպանը նշեց, որ «Ապրել միասին»-ը նաև Լիբանանի նշանաբանն է՝ բազմաշերտ ու բազմադավան համայնքային կառուցվածքով և կառավարման համակարգով: «Այդ կարգախոսը նաև խորհրդանշում է հավաքական ուղերձը աշխարհասփյուռ հայ ժողովրդի, որի զավակները՝ պահպանելով հավատարմությունն իրենց ազգային արմատներին և ինքնությանը, միաժամանակ հանդիսանում են իրենց հյուրընկալած երկրների օրինակելի քաղաքացիները, և Լիբանանն ու լիբանանահայությունը դրա վառ օրինակն են»,- ընդգծեց ՀՀ դեսպանը:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի արտաքին գործերի նախարարը, կառավարության այլ անդամներ, ինչպես նաև Բեյրութում հավատարմագրված դեսպանները»: