Արսեն Գասպարյանը ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցեր է համարում Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը սեմինարի շրջանակում հյուրընկալել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին: Սեմինարը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին և 25 տարվա բանակցություններին, իսկ Գասպարյանի ներկայացման հիմնական թեման էր 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մասին պայմանագիրը՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Ըստ բանախոսի՝ թեև Լեռանյին Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցությունները շարունակվում են ավելի քան երկու տասնամյակ, կարգավորումը դեռ անորոշ է: Նա քննարկման է դրել որոշ վարկածներ, որոնք հայտնի են Հայաստանում և Արցախում, ներառյալ՝ Ադրբեջանի «հանձնառության խնդիր»-ը՝ բացատրելով, որ հայկական զորքերի ցանկացած դուրս բերում կուժեղացնի Ադրբեջանը և կթուլացնի Հայաստանը ու Արցախը:
Սեմինարի ընթացքում Գասպարյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմը որակել է որպես Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ամենավատ դրևորում 1994-ի հրադադարի պայմանագրից հետո: Բանախոսը ուսումնասիրել է խաղաղության գործընթացի ձախողման պատճառները մինչ 2018-ին քաղաքական փոփոխությունները Հայաստանում։ Նա հավաստիացրել է, որ բանակցությունների առանցքային հարցերն են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը:
Սեմինարի նպատակն էր բանակցությունների, լուսաբանման, այլընտրանքային հեռանկարների քննարկման միջոցով հասկանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարած գործընթացում արդյունքների բացակայության հիմքում ընկած պատճառները:
Ներկայացումից հետո եղել է հարց ու պատասխան, որոնց ընթացքում ունկնդիրները հնարավորություն են ունեցել խորանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և այնտեղ խաղաղության հաստատման խնդրի շուրջ: