«Որոշումը միանշանակ ուղղված է նրան, որ դաշտից հանեն փոքրերին ու մնան միայն խոշորները». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
Այսօր կառավարության շենքի առջև` «Դեմ ենք պետտուրքի ոչ համաչափ թանկացմանը», «Նախագիծը հիմք չունի», «Եկեք հաշվարկենք» պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները:
Ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների դեպքում պետտուրքի տարեկան դրույքը կտրուկ կավելանա՝ 100 հազար դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, իսկ տարադրամի փոխանակման կետերի պարագայում 50 հազարը կդառնա 3 միլիոն դրամ:
«Որոշումը միանշանակ ուղղված է նրան, որ դաշտից հանեն փոքրերին ու մնան միայն խոշորները»,- ասաց գրավատներից մեկի սեփականատեր Իգիթ Իգիթյանը՝ նշելով, որ ինքը 20 մլն դրամ ներդրում է արել, ամսական շուրջ 800 հազար դրամ հասույթ է ստանում, որից վճարում է 2 աշխատակցի աշխատավարձ, տարածքի վարձակալության վճար, հարկեր և այլն, արդյունքում իրեն մնում է մոտ 200 հազար դրամ, որը հանգիստ կարող էր ստանալ այդ 20 մլն-ով պարտատոմսեր գնելու դեպքում: Նա բացառեց, որ գրավատները կարող են որևէ անօրինական գործողություններ անել, օրինակ՝ գողացված ոսկիները վերցնել և օրինական շրջանառության մեջ դնել:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ 2017թ. համեմատ 2018-ին բանկերի շահույթը երկու անգամ ավելացել է, իսկ գրավատներինը՝ կրկնակի նվազել, ինչպե՞ս են չինովնիկները հաշվարկել:
«Մենք համոզված ենք, եթե մեր ձայնը հասնի վարչապետին, այս օրենքն ուղղակի չի կարող ընդունվել»,- համոզմունք հայտնեց ցուցարարներից Դավիթ Հովհաննիսյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց ներկայացուցիչ ուղարկել ՄԻՊ գրասենյակ. «Հասկանալով հարցի հրատապությունը՝ մենք այսօրվանից էլ գործին պաշտոնական ընթացք կտանք»: