Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել հիմնադրամի հետ համագործակցությունը և ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ համարվող այն ոլորտները, որտեղ հնարավոր է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության:
Հանդիպման ընթացքում Անդրեյ Շիրոկովը փոխվարչապետին է ներկայացրել հիմնադրամի նորացված ռազմավարությամբ սահմանված գործունեության հիմնական ուղղությունները: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Հայաստանի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման շուրջ: