Բաժիններ՝

Նախարար Պապիկյանն ահրաժեշտ է համարում աճուրդների բոլոր փուլերի վերահսկողությունը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի տարբեր մարզերի վարչական տարածքներով անցնող կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման կամ նորոգման աշխատանքների վրա, որի նպատակն է կանխել հողերի գերխոնավացումն ու աղակալումը։ Խնդրի կանոնակարգման ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է վարչական աջակցություն ցուցաբերել դրենաժային համակարգերի մաքրման աշխատանքներ իրականացնող «Մելիորացիա» ՓԲԸ-ին և վերացնել տարբեր համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից ինչ-ինչ պատճառներով ստեղծվող արհեստական խոչընդոտները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման հիմնախնդիրներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ համայնքներում վարելահողերի և ցանքատարածությունների քարտեզագրման և գույքագրման վերաբերյալ ճշգրիտ միասնական տեղեկատվական բազայի բացակայությունը բարդություններ է առաջացնում պոտենցիալ ներդրումային ծրագրերի առարկայական քննարկման գործում։ Այս նպատակով նախարարը մարզպետներին հորդորել է ակտիվ բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս իրենց հողային և տարբեր նշանակության ենթակառուցվածքային ռեսուրսներն առավել հրապարակային ու թափանցիկության ռեժիմով հասանելի դարձնեն բոլոր քաղաքացիների համար։

Սուրեն Պապիկյանը խոսել է նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքով օտարման գործընթացում առկա խնդիրների մասին և ընդգծել, որ անհրաժեշտ է խոշորացույցի տակ վերցնել աճուրդի բոլոր փուլերը՝ բացառելու համար ապօրինության ցանկացած դրսևորում ու օրենքի տառից ցանկացած շեղում։

Խորհրդակցության ընթացքում «Կանգուն փորձագետների ակումբ» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովների կազմակերպման, անցկացման, ինչպես նաև մարզերի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղված հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս