Բաժիններ՝

Կատարվեց հոգեհանգիստ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետական այրեր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:

Ներկա հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հոգելույս Մեսրոպ Բ Պատրիարքի հոգու խաղաղության և հանգստության համար:

Հոգեհանգստից հետո Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.

«Հոգևոր հայրե՛ր և սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Այս պահին վիշտ է մեր հոգիներում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանման տխուր առիթով: Սգակիր մեր սրտերի համար ցավ է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակյալ հոգևորականի մահը, մեկնումը այս տեսանելի աշխարհից:

«Հաւատովք ճանաչե՛լ զնա, եւ զզօրութիւն յարութեան նորա, եւ զհաղորդութիւն չարչարանաց նորա, կերպարանակի՛ց լինել մահու նորա» (Փիլիպ. 3.10),- ասում է առաքյալը: Մեր Տիրոջն ու Փրկչին` Հիսուս Քրիստոսին հավատացողներն աստվածանմանության ուղիով են ընթանում ոչ միայն այս երկրավոր կյանքի, այլև մահվան ճանապարհին, քանզի առաքելական խոսքի համաձայն կերպարանակից ենք լինում նաև Փրկչի մահվանը` հարության և հավիտենական կյանքի անխորտակելի հույսով:

Հարության տերունական շնորհն է, որ պարտության է մատնում մահվանը և Երկնքի Արքայության դռները բացում նրանց առջև, «որք հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս ննջեցին»: Մխիթարական այս գիտակցությամբ ենք այսօր հրաժեշտ տալիս սիրելի Պատրիարք Սրբազանին:
Հիրավի, ծանր է կորուստը, և սուգի մեջ են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատմական Աթոռը, Պատրիարքության Մեր հավատավոր զավակները, համայն Մեր հավատավոր ժողովուրդը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Լուսահոգի Պատրիարքը մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին ամբողջանվեր ծառայության ուխտ կնքեց ավելի քան չորս տասնամյակներ առաջ` կուսակրոն քահանայության սպասավորությունը ստանձնելով: Նա բանիմաց հոգևորական էր, ով դեռևս երիտասարդ տարիներից իր ուսումնատենչ հոգում ամբարեց գիտելյաց պաշարներ և ուսանելով փիլիսոփայություն ու աստվածաբանություն Միացյալ Նահանգներում և ապա Երուսաղեմում` վերադարձավ նոր եռանդով ու կորովով ծառայություն բերելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ավանդապահ և Քրիստոսասեր Մեր բարեպաշտ զավակներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հայոց հոգևոր կենտրոնում եպիսկոպոսական ձեռնադրությունից տարիներ անց Մեսրոպ Սրբազանը ստանձնեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռի առաջին սպասավորը լինելու առաքելությունը: Պատրիարքական իր պատասխանատու և երբեմն դժվարին գործունեության ողջ ընթացքում նա եղավ ծառայանվեր մշակ, ով եռանդուն սպասավորությամբ ջանում էր զորեղ ու միասնական պահել Թուրքիո հայ համայնքը, աշխույժ` Պատրիարքության ազգային-եկեղեցական կյանքը, ազգային-մշակութային կազմակերպությունների և կրթական հաստատությունների կարևոր գործունեությունը: Ավա՜ղ, հիվանդությունը տկարացրեց սիրելի Պատրիարքին, տարաժամ բերեց «զհաղորդութիւն չարչարանաց», և վաղահաս մահվամբ իր վերջին հանգրվանը փոխադրվեց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Մենք այսօր աղոթական ոգով ուղեկցում ենք վախճանյալ Պատրիարքին դեպի հավերժական կյանքի ճանապարհ: Նա ննջեց այս աշխարհում, սակայն հառնելու է երկնային լուսեղեն օթևաններում, ուր պիտի լսի Աստծո նվիրյալ ծառաներին առ Քրիստոս կանչող ձայնը. «Արի՛ որ ննջեսդ, եւ կանգնեա՛ց ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս» (Եփ. 5.14):

Ի խորոց սրտի հայցում ենք առ Ամենողորմ Տերը, որ երկնային բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հոգին հավատարիմ Իր սպասավորի` Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի, և Սուրբ Հոգու մխիթարությունը շնորհի մեզ ամենքիս, սգացյալ տիրամորը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության սիրելի Մեր զավակներին, մեր հոգևոր դասին, վշտացյալ հավատավոր Մեր ժողովրդին:

Աղոթք և օրհնություն Մեսրոպ Պատրիարքի լույս հիշատակին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս