Բաժիններ՝

ՀՀ փոխվարչապետ Ավինյանը Ֆրանսիայի պատվիրակության հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետն այս առումով ասել է, որ Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան: Նա նաև հավելել է, որ այժմ ուսումնասիրվում են ապագայում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը:

Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս