Բանակում զինծառայողների զոհվելու փաստերի կոծկումը հետընթաց է. Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը բանակում զինծառայողների զոհվելու փաստերի կոծկումը հետընթաց է համարում:
«Քաղաքացիական հասարակության միջամտության արդյունքում մենք հասել էինք նրան, որ բանակում շատ թափանցիկ պրոցեսներ էին գնում։ Հիմա եթե կան նման դեպքերի, փաստերի կոծկում կամ չհրապարակում, դա հետընթաց է ունեցած իրավիճակից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Գորգիսյանը։
Ըստ նրա՝ քանի դեռ իշխանություն պարզաբանումներ չի ներկայացրել, գնահատականներ տալը ճիշտ չէ:
Գ.Գորգիսյանը նշեց, որ ինքն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին կառաջարկի հրավիրել պաշտպանության նախարարին և հարց-պատասխան կազամակերպել հանձնաժողովի անդամների հետ.
«Կարևոր է այս դեպքերի ուսումնասիրությունը և պաշտպանության ոլորտում թափանցիկությունն ապահովումը»։