«Սա խորհրդարան է, մոռանո՞ւմ ենք. Մեկ ամիս հանգստանալուց հետո զլանո՞ւմ ենք քննարկել». Գևորգ Պետրոսյան
Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյաի սկզբում խորհրդարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրինագծերը՝ «Արհեստակցական միությունների մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկները:
«Սա խորհրդարան է, մոռանո՞ւմ ենք: Մեկ ամիս հանգստանալուց հետո զլանո՞ւմ ենք քննարկել: Մի՞թե սիրո և հանդուրժողականության մթնոլորտում ձևավորված ԱԺ-ն պետք է զլանա քննարկել»,- իր տարակուսանքը հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հորդորեց՝ կասկածի տակ չդնել իրենց քաղաքական անկախությունն ու կամքը, սեփական պատկերացումներն ու կարծիքը՝ անընդհատ այն կապելով կառավարության հետ:
ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերի օրակարգը հաստատվեց՝ ներառելով ընդամենը 3 հարց՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: