Բաժիններ՝

Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալի» փրկիչը այս մրցաշրջանում

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամբողջությամբ վերականգվել է վնասվածքից և արդեն վերադառնում է իր նախկին մարզավիճակին: Լոնդոնյան թիմի վերջին խաղերում Մխիթարյանը շատ ակտիվ է, խփում է գոլեր և անում է գոլային փոխանցումներ: Սա, թերևս, այն է, ինչ պահանջում են լոնդոնյան ակումբի երկրպագուները հայ ֆուտբոլիստից:

Հայ կիսապաշտպանի ակտիվ խաղը անտարբեր չի թողնում նաև մարզական պարբերականներին: Անգլիական մամուլը գրում է հատկապես այն մասին, որ Մխիթարյանը իր ցուցանիշներով գերազանցում է Ալեքսիս Սանչեսին, ում փոխարեն տեղափոխվեց անգլիական այս ակումբ: Մխիթարյանը անգլիական Պրեմիեր լիգայում 150 րոպեների ընթացքում գոլ + փոխանցում համակարգում հավաքել է ավելի շատ միավոր, քան Ալեքսիս Սանչեսը ամբողջ մրցաշրջանում:

Ռուսական sports.ru կայքը ևս համեմատել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի մեկ տարվա արդյունքները մանչեսթերյան ակումբում: Կայքի բլոգում ակնարկվում է, որ Մխիթարյանի արդյունքները զգալիորեն գերազանցում են Սանչեսի ցուցադրած արդյունքներին: Հիշեցնենք, որ անգլիական ակումբները փոխանակվեցին իրենց ֆուտբոլիստներով նախորդ տարվա հունվարին:

Այսպիսով, ինչպիսի՞ արդյունքներ են գրանցել Հենրիխ Մխիթարյանն ու Ալեքսիս Սանչեսը մանչեսթերյան ակումբում անցկացրած մեկ տարում.

Ալեքսիս Սանչես

• 32 հանդիպում
• 4 գոլ
• 9 գոլային փոխանցում

Հենրիխ Մխիթարյան

• 41 հանդիպում
• 11 գոլ
• 5 գոլային փոխանցում:

Ունայի Էմերիին և իր թիմին մինչև մայիս շատ փորձություններ են սպասվում: «Արսենալը» պետք է ամեն կերպ հայտնի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի՝ Չեմպիոնների լիգայի գոտում (1-4 հորզոնականներ): Այստեղ պայքարը հեշտերից չէ, քանի որ 4-րդ հորիզոնականի հավակնորդներն են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Եթե վերջինս հիմա փոքր-ինչ թուլացրել է խաղը, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարը շատ թեժ է լինելու:

Եվրոպայի լիգայում իրավիճակը մի փոքր այլ է: «Արսենալը» վստահորեն հաղթահարում է մրցակիցների արգելքը և առաջիկա խաղերում էլ հանդիպելու է իրենից զգալիորեն թույլ մրցակցի:

Այս ընթացքում «Արսենալի» ֆուտբոլիստները պետք է ներդնեն իրենց ողջ ուժերը և շատ լավ հանդիպում անցկացնեն ամեն անգամ: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին և թիմի ղեկավարությունը կարծում էին, որ խաղի ակտիվությունը և թարմությունը կապահովի նորեկ Դենիս Սուարեսը: Սակայն, տպավորություն է, որ Դենիս Սուարեսը դեռ երկար չի հարմարվի անգլիական ֆուտբոլին: Այս պահին, իրեն լավագույնս պետք է դրսևորի հենց Մխիթարյանը: Եթե հայ կիսապաշտպանը շարունակի խաղալ նույն կերպ, ապա կարող է դառնալ «Արսենալի» ամենակարևոր ֆուտբոլիստը մրցաշրջանի մյուս հատվածում: Ունայի Էմերին ևս վստահում է Մխիթարյանին և նշում է, որ նա շարունակում է վստահորեն աճ արձանագրել: էմերիին հատկապես դուր է գալիս այն, որ Մխիթարյանը նույն կերպ է խաղում թե՛ կիսապաշտպանությունում, թե՛ հարձակման գծում և թե՛ պաշտպանությունում:

Իսկ Եվրոպայի լիգան, կարելի է ասել, որ Մխիթարյանի մրցաշարն է: Դեռ Ժոզե Մոուրինիոն էր արձանագրում, որ Հենրիխը իրեն շատ վստահ է զգում Եվրոպայի լիգայում և կարող է անհավանական բաներ անել հենց այդ մրցաշրջանում:

Անգլիական մամուլը գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը ակտիվացել է «Արսենալի» համար մրցաշրջանի ամենակարևոր հատվածում և եթե ցուցադրի իր լավագույն ժամանակների ֆուտբոլը, ապա կարող է դառնալ լոնդոնյան ակումբի փրկիչը այս մրցաշրջանում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս