Բաժիններ՝

Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշել է Բուն Բարեկենդանը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 3-ին նշել է Բուն Բարեկենդանը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպել էին մեծ միջոցառում, որին մասնակցում էին ոչ միայն թեմի համայնքների անդամներն, այլ նաև Երևանի բոլոր վարչական շրջանների մշակույթի կենտրոնների երգ ու պարի, ազգային նվագարանների խմբերը: Այս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից՝ հավելելով. «Ազգային նվագարանների, թմբկահարների, դհոլահարների խմբերի ուղեկցությամբ ու ազգային երգերի կատարումներով բարեկենդանյան միջոցառումների շարքը մեկնարկեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղը սկսվում է Մեծ Պահքը՝ ես մաղթում եմ մեր ժողովրդին համբերություն: Թող հավատով, ինքնաքննադատմամբ կարողանան անցկացնել պահքի օրերը: Կարևոր է նաև երբեմն մնալ միայնակ ու այդ լռության մեջ հաղորդակցվել Աստծո հետ: Թող առաջնահերթ Մեծ Պահքի խորհուրդն ընկալեն հոգևոր տեսանկյունից, այլ ոչ սննդակարգով»,- ասել է ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց հերթին մեծ ուրախություն էին պարգևել ներկաներին և իրենց կերպարներով ապահովել էին օրվա տրամադրությունը և իրենց հատուկ հումորով էլ մեկնաբանեցին օրվա խորհուրդը. «Էսօր մենք հավաքվել ենք, որ նշենք Բուն Բարեկենդանի տոնը: Ուրեմն էս բնությունը, չգիտենք՝ ինչի, ձմեռվա ընթացքում քուն է մտնում, որովհետև հենց գարունը բացվում է, ինքը պետք է վերակենդանա: Հայերը որոշել են այդ ամենը մի քիչ արագացնեն, ուրախացնեն ու զվարճացնեն մեր բնությանը: Դրա համար պարերով, երգով դոփում են հատակին, որ արթնանա մեր հրաշք բնությունը: Դրա շնորհիվ մենք կունենանք կարտոֆիլ, լոլիկ, ցորեն, խնձոր և այլ համով բաներ: Մաղթում ենք բոլորին գարնան նման ծլել-ծաղկել, զորանալ ու ամենակարևորը՝ մի քիչ մարդ լինենք, մարդիկ»:
Ազգային տոնի վերազարթոնքին էին միացել Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Գարիկ Նազարյանը, մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի անդամները, հայաստանյաց բուհերի ուսանողները:

«Երևանի քաղաքապետարանն ավանդաբար որպես գործընկեր հանդես է գալիս այս հրաշալի Բուն Բարեկենդանի տոնի կազմակերպման նախաձեռնությանը, որովհետև այն իր մեջ յուրահատուկ խորհուրդ ունի.իսկապես ժողովրդական, ժողովրդի կողմից հեղինակած տոնախմբություն է, որը օգնում է մարդկանց լինել առավել անկեղծ թե՛ միմյանց, թե՛ տոնախմբության նկատմամբ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, իսկ նրա փոքրիկ աղջիկը, ով աղվեսի դիմակն էր կրում միջոցառմանը, անկեղծացավ. «Իմ հայրը ինձ պատմել է, որ եթե գայլն ու աղվեսը հայկական բնաշխարհում կան, ուրեմն դրանք Բուն Բարեկենդանի սիմվոլներից են»:

Նախորդ տարվա նման այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ վարչական շրջաններում նախընթաց շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին ուրախ տոնակատարություններ, հանդեսներ, ցուցադրություններ: Դրանք այս տարի ամբողջացան տոնի բուն օրը կազմակերպված տոնախմբության ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս