Ոստիկանությունը նախկին նախարարին հայտնաբերելու համար իրականացնում է օպերատիվ-որոնողական աշխատանքներ

ՀՀ ոստիկանությունը խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առիթով օպերատիվ-որոնողական աշխատանքներ է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ոստիկանությունն այդ գործին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել, որ մասնակցի: Օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացվում»,-ասաց ոստիկանապետը:

Նա չցանկացած բարձրաձայնել այլ մանրամասներ:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս