Դեղին ծովում կործանվել է հարավկորեական օդուժի KF-16D կործանիչը
Փետրվարի 27-ի առավոտյան Դեղին ծովի երկնքում կործանվել է Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի KF-16D կործանիչը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՌՕՈՒ-երի հայտարարությունը:
Ինքնաթիռը ծովն է ընկել Սեուլից 274 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կունսանի ռազմաօդային բազայից մեկնելուց 13 րոպե անց: Երկտեղանոց կործանիչի երկու օդաչուներն էլ բարեհաջող կատապուլտվել են:
«Երկու օդաչուներն այժմ վերադառնում են բազա, նրանք չեն տուժել»,- նշել են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերում, հավելելով, որ խումբ է ստեղծվել միջադեպի պատճառները հետաքննելու համար:
KF-16D կործանիչներն ամերիկյան F-16-ի արդիականացված տարբերակն են, որոնք հատուկ թողարկվել են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: