
Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ սանձազերծելու փորձի մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ կազմակերպելու փորձի մեջ: «Այն ամենն, ինչ անում է Միացյալ Նահանգների կառավարությունը, դատապարտված է ձախողման: Նրանք փորձում են արհեստականորեն ճգնաժամ ստեղծել, որպեսզի արդարացնեն քաղաքական էսկալացիան եւ ռազմական ինտերվենցիան Վենեսուելայի դեմ, որպեսզի պատերազմ բերեն Հարավային Ամերիկա»,- հայտարարել է Մադուրոն ABC News-ի ալիքի եթերում:
Մադուրոյի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ստանալ վենեսուելական նավթը եւ դրա համար պատրաստ է գնալ պատերազմի: «Կու-կլուքս-կլանի ծայրահեղական կառավարությունը, որը ղեկավարում է Դոնալդ Թրամփը, պատերազմ է ցանկանում նավթի պատճառով եւ ոչ միայն նավթի պատճառով»,- ասել է նա: Ըստ որում Մադուրոն Վենեսուելան համարել է «պացիֆիստական եւ համեստ երկիր», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: